Մատչելիության հղումներ

Թոմաս Համարբերգին ընդունել է Լեւոն Տեր-Պետրոսյանը


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքին, արխիվային լուսանկար
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքին, արխիվային լուսանկար
Հունվարի 18-ից եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին երեքշաբթի երեկոյան ընդունել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «զրույցի օրակարգը սահմանեց հենց պարոն Համարբերգը, եւ դրանք վերաբերում էին իր մանդատի ներքո դրված հարցերին` մարդու իրավունքների վերաբերյալ, եւ հինգ թեմայի էին առնչվում». - «Մեկը քաղբանտարկյալների հարցն էր, երկրորդը «Մարտի 1»-ի հետաքննության հարցն էր, երրորդը` մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության հարցը, չորրորդը` մամուլի ազատության հետ կապված հարցը, եւ վերջապես` հավաքների ազատության հետ կապված հարցերը»:

Հաստատելով, որ այդ հարցերի վերաբերյալ Թոմաս Համարբերգը «ինչ-որ տեսակետներ, իհարկե, հայտնել է», Հայ ազգային կոնգրեսի համակարգողը, միաժամանակ, խորհուրդ տվեց այդ տեսակետների մասին տեղեկանալ հենց հանձնակատարից:

Զուրաբյանը դրական պատասխանեց հարցին` հորդորե՞լ է արդյոք Տեր-Պետրոսյանը Համարբերգին օգտագործել իր ազդեցությունը եւ նպաստել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակմանը: «Բնականաբար, որովհետեւ քաղբանտարկյալների հարցը այսօր ամենագլխավոր, ամենակարեւոր խոչընդոտն է երկրի քաղաքական կլիմայի առողջացման եւ երկխոսության ծավալման համար: Մինչեւ այդ հարցը չլուծվի, Հայաստանում նորմալ քաղաքական մթնոլորտ, նորմալ քաղաքական գործընթաց չի լինի», - ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG