Մատչելիության հղումներ

Թոմաս Համարբերգը պատրաստվում է հանդիպել ազատազրկված ընդդիմադիրների հետ


Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մտահոգիչ է համարում այն փաստը, որը մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում:

«Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց գործերին», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:

«Ես այստեղ եմ պարզելու համար, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարտի 1– ի իրադարձությունների հետ կապված, բացի այդ ես այստեղ քննարկելու եմ մամուլի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ զինված ուժերում տեղի ունեցած բռնությունների հետ կապված տեղեկությունները: Ես չեմ ցանկանում նախապես որեւէ եզրակացություն անել: Այս կարեւոր խնդիրների շուրջ ես պետք է դեռ խոսեմ պատասխանատու անձանց հետ», - նաեւ ասաց Թոմաս Համարբերգը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի բանաձեւերի կատարման ընթացքը:

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10-ը սպանություններին` Թոմաս Համարբերգը, մասնավորապես, ասաց. - «Մենք մտահոգիչ ենք համարում այն փաստը, որը 10-ը մարդ սպանվեց ցույցերի ժամանակ եւ մինչեւ օրս ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Ես այդ հարցը քննարկելու եմ այստեղ»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը դեռ հույս ունի, որ մարտյան իրադարձություններից 3 տարի անց իշխանությունները կունենան այդ քաղաքական կամքը եւ կբացահայտեն 10 սպանությունների մեղավորներին, Թոմաս Համարբերգը ասաց. - «Այո, իհարկե, ես հույս ունեմ, եւ դա այն հարցն է, որ ես պատրաստվում եմ տալ իշխանություններին, եւ ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կցուցաբերեն այդ քաղաքական կամքը»:

Երեքշաբթի առավոտյան, մինչ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը Երեւանի Էրեբունի հյուրանոցում հանդիպում էր հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Մարիոթ հյուրանոցի առջեւ ցույց էր կազմակերպել Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն: Մարտի 1–ի իրադարձություններից հետո դատապարտված մի խումբ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստներ, պարոն Համարբերգից պահանջում էին ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս ազատ արձակեն նաեւ անազատության մեջ գտնվող մյուս ընդդիմադիր գործիչներին: Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. – «Նա, որպես եվրոչինովնիկ, պետք է հետեւողական լինի, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն: Դա նաեւ նրա գործն է: Մենք նրան կոչ ենք անում շատ ավելի հետեւողական լինել իր պահանջներում եւ դիրքորոշումներում»:

Ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիայի ավարտին նամակ փոխանցեցին Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակին` ուղղված Թոմաս Համարբեգին: Նամակում նախկինում դատապարտված ընդդիմադիր գործիչները կոչ են անում Համարբերգին նպաստել իրենց ազատազրկված ընկերների ազատ արձակմանը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում իրենց մտահոգություններ են ներկայացրել նաեւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մասնավորապես` իրավապաշտպանները նշել են, որ «Մարտի 1»-ի սինդրոմը հաղթահարված չէ, քանի որ մինչեւ օրս չեն բացահայտվել 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած 10 –ը սպանությունները, չեն ուսումնասիրվել ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնությունները, իշխանությունների կողմից համարժեք ուշադրության չի արժանացել հետընտրական իրադարձություններում զինված ուժերի օգտագործման փաստը:

Իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ իրենց անհանգստությունն են հայտնել «Ա1+» հեռուստաընկերության առնչությամբ` նշելով, որ հաճախությունների վերջին մրցույթում «Ա1-ին» ընդամենը պատժել են:

Իրավապաշտպաններից բացի, այսօր Թոմաս Համարբերգը հանդիպել է նաեւ լրագրողական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG