Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընտրողները նախապատվությունը տալիս են իշխող կուսակցությանը


Թուրքիա - «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համակիրները կուսակցության գրասենյակի առջեւ, Ստամբուլ, սեպտեմբեր, 2010թ.
Թուրքիա - «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համակիրները կուսակցության գրասենյակի առջեւ, Ստամբուլ, սեպտեմբեր, 2010թ.
2010-ի տարեվերջին Թուրքիայում անցկացված եւ անցած կիրակի օրը հրապարակված հարցախույզի արդյունքների համաձայն` ընտրողների 46 տոկոսը այսօր սատարում է «Ազատություն եւ զարգացում» կուսակցությանը։

Հարցախույզը Haber օրաթերթի պատվերով անցկացրել է «Կոնսենսուս» ընկերությունը։

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ Թուրքիայում այս տարվա հունիսի 12-ին նշանակված են համընդհանուր ընտրություններ։ Հարցախույզի արդյունքների համաձայն` եթե դրանք տեղի ունենային այսօր, ապա «Արդարություն եւ զարգացում»-ը երրորդ անգամ անընդմեջ կհաղթեր։

Կուսակցությունը 2002 թվականից է իշխում Թուրքիայում։ «Արդարություն եւ զարգացում»-ը, որը հաճախ համեմատում են եվրոպական երկրներում գործող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների հետ, 2007 թվականին տեղի ունեցած վերջին ընտրություններում հաղթել է` հավաքելով քվեների 47 տոկոսը։

Վերլուծաբանների համոզմամբ` այդ կուսակցության շնորհիվ է Թուրքիան հաղթահարել 2000-2001 թվականների տնտեսական ճգնաժամը եւ աննախադեպ աճ ապահովել։ Ինչ-որ առումով հենց այդ հանգամանքի բերումով են Թուրքիայում շատերը սկսել անտարբերություն դրսեւորել Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարի նկատմամբ։

Եվրամիությանը անդամակցությունը, մինչդեռ, Ռեջեփ Էրդողանի առաջնորդած կուսակցության ծրագրային ամենասկզբունքային նպատակներից է։ 2005 թվականին, երբ պաշտոնական Անկարան նոր էր սկսել բանակցությունները Բրյուսելի հետ, թուրքերի մեծ մասը ողջունել է Հին աշխարհամասի քաղաքական-տնտեսական առանցքային կազմակերպությանը միանալու հեռանկարը։ Ժամանակի ընթացքում այդ խանդավառությունը նվազել է, քանի որ թուրքերը համոզվել են, որ մինչ Անկարային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ են առաջարկում, ուրիշ երկրներ դառնում են միության անդամներ։

Newsweek հանդեսի վերջին համարում լույս է տեսել Էրդողանի հոդվածը։ Թուրքիայի վարչապետը գրել է, որ ավելի քան կես դար Թուրքիան Եվրոպայի դուռն է թակում։ Անցյալում դրդապատճառը սոսկ տնտեսական էր, սակայն հիմա Թուրքիան փոխվել է։ «Մենք այլեւս մտադիր չենք վախվորած խնդրողի դերում շարունակ կանգնած մնալ Եվրամիության դռան մոտ։ Եթե Եվրոպական միությունը ցանկանում է իր ազդեցությունը պահպանել նոր աշխարհակարգում, ապա միությանն անհրաժեշտ են Թուրքիայի տնտեսական եռանդը եւ տարածաշրջանային ազդեցությունը», - գրել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Newsweek-ում հրապարակած հոդվածում։

Reuters-ը նշում է, որ եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, միանշամնակ կողմ են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, նկատել են տալիս, որ Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ սահմաններ ունեցող 75 միլիոն բնակչությամբ Թուրքիան մշակութային առումով շատ է տարբերվում Եվրոպայից եւ շատ է աղքատ դաշինքում ընդգրկվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG