Մատչելիության հղումներ

Պիկետ` Թոմաս Համարբերգի այցի կապակցությամբ


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ
Երեքշաբթի առավոտյան Երեւան է ժամանել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի այցի կապակցությամբ Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով պիկետ է սկսում «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանելու է Համարբերգը:

Սպասվող ակցիայի եւ դրա ընթացքում ներկայացվելիք պահանջների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անդամ Դավիթ Մաթեւոսյանը ասաց. - «Թոմաս Համարբերգը որոշակի դրական ազդեցություն ունի մեր այլեւս «նախկին քաղբանտարկյալ» կարգավիճակի համար, այսինքն` մեր ազատ արձակման գործում: Մի կողմից, դա անձնապես կլինի երախտագիտության արտահայտություն, մյուս կողմից` մենք Թոմաս Համարբերգին դիտարկում ենք որպես եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես` Եվրախորհրդի դեսպան Հայաստանում գտնվելու պայմաններում, եւ ուզում ենք մեր դժգոհությունը արտահայտել այն բանի համար, որ մեր 8-9 ընկերներ շարունակում են մնալ բանտերում, եւ մեր հոգեվիճակը ազատ արձակվելուց հետո չի փոխվել, որովհետեւ մենք բավականին մտածելու բան ունենք այդ առումով»:

«Ձեր կարծիքով, ինչ-որ դրական ազդեցություն կունենա՞ պարոն Համարբերգի այցելությունը, եւ դրան արդյո՞ք կհետեւի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր որոշ ակտիվիստների ազատ արձակումը», - այս հարցին Դավիթ Մաթեւոսյանը արձագանքեց. - «Այն, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հերթական անգամ այցելում է Հայաստան, այլեւս ինչ-որ բան նշանակում է, սակայն ծանոթ լինելով մեր ավտորիտար իշխանությունների վարքագծին եւ անցած լինելով որոշակի ճանապարհ` կարծում եմ, որ նրանք հերթական անգամ կփորձեն հանձինս Համարբերգի Եվրոպային ներկայացնել ինչ-որ հեքիաթներ եւ կաշխատեն վերջին քաղբանտարկյալներին անգամ պահել բանտերում այնքան ժամանակ, որքան կարող են»:

Իսկ Հայաստանի իշխանությունների վրա Համարբերգի հնարավոր ազդեցության վերաբերյալ, թե «ի՞նչ ճանապարհով նա կարող է համոզել Հայաստանի իշխանություններին` ազատ արձակել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստներին», «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» ներկայացուցիչը ասաց. - «Հայաստանի իշխանությունները բավարար գիտակցություն չունեն` համոզելու կամ բացատրելու ճանապարհով ընկալելու, Հայաստանի իշխանությունների նկատմամբ պետք է ճնշում գործադրեն եվրոպական ժողովրդավարական ինստիտուտներից: Հայաստանը այնքան խոցելի երկիր է, Հայաստանի իշխանությունները այնքան խոցելի են, որ ճնշումների բազմաթիվ ձեւեր կարող են կիրառվել: Համոզելով չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG