Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը ողջունում է Սուդանում անցկացված հանրաքվեն


Քվեարկություն Հարավային Սուդանի ընտրատեղամասերից մեկում
Քվեարկություն Հարավային Սուդանի ընտրատեղամասերից մեկում
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Սուդանի ժողովրդին՝ երկրի հարավի ապագայի համար անցկացված հանրաքվեի առիթով։

Օբաման ասել է, որ հանրաքվեի խաղաղ եւ օրինակելի անցկացումը ոգեւորիչ է աշխարհի համար։

«Չինաստանը ողջունում է Սուդանի մեկշաբաթյա քվեարկության ավարտը», – հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ու հավելել, որ Չինաստանը հույս ունի միասնական ջանքերով՝ միջազգային հանրության եւ կողմերի հետ ակտիվ ու կառուցողական դերակատարություն ունենալ Սուդանի կայունության եւ զարգացման համար։

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը իր հայտարարությամբ ողջունել է Սուդանի խաղաղ ու ժամանակին անցկացված հանրաքվեն։ Էշթոնը այն կոչել է «պատմական իրադարձություն» եւ կարեւոր քայլ՝ 2005 թվականին Սուդանի Հարավի եւ Հուսիսի միջեւ ձեռք բերված խաղաղ համաձայնագիրն իրականացնելու գործում, որով ճանապարհ հարթվեց Հարավի անկախության հանրաքվեի համար։

Առավելապես մահմեդականներով բնակեցված Սուդանի հյուսիսի ու քրիստոնյաներով բնակեցված հարավի միջեւ քաղաքացիական պատերազմը երկու տասնամյակ է շարունակվել, դրա արդյունքում զոհվել է շուրջ 2 երկու միլիոն մարդ։

Հարավային Սուդանի առաջնորդը հանրաքվեի ավարտից հետո իր առաջին հրապարակային ելույթում կիրակի օրը կոչ արեց ներել Հյուսիսային Սուդանին քաղաքացիական պատերազմում պատճառած զոհերի համար։

Քվեարկությունը շաբաթ օրը ավարտվել է։ Հիմա սկսվել է քվեաթերթիկները հաշվելու փուլը։ Նախատեսվում է, որ փետրվարի կեսերին կհրապարակվեն հանրաքվեի վերջնական արդյունքները։ Գրեթե կասկածներ չկան, որ հանրաքվեի արդյունքով Հարավային Սուդանը կքվեարկի անկախության օգտին։

«Աոշիյթեդ փրես» գործակալությունը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում 10 ընտրատեղամասերի արդյունքների մասին հաղորդում է, որ 96 տոկոսը կողմ է անկախությունը եւ միայն 3 տոկոսն է կողմ Հյուսիսի հետ մնալ նույն պետության կազմում։

«Ես շատ ուրախ եմ», – գործակալության հետ զրույցում ասել է 24–ամյա ուսանող Օկուլա Թոմասը, – «մենք կունենանք մեր ազատությանը, զարգացումը ու կյանքը կփոխվի»։

Սուդանի հանրաքվեին հետեւել են ավելի քան տասնյոթ հազար տեղական ու հազար երկու հարյուր միջազգային դիտորդներ։

Սուդանի զարգացման հարցերով միջգերատեսչական մարմնի դիտորդական խմբի ղեկավար Յուսուֆ Նզիբոն կիրակի օրը հայտարարել է, որ իրենց նախնական գնահատմամբ՝ հանրաքվեն անցել է ազատ, արդար եւ վստահելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG