Մատչելիության հղումներ

Հունվարի 15-ի մամուլ


Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի Հայաստան նախատեսված այցի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը գրում է. - «Ի՞նչ են Համարբերգին պատասխանելու ՀՀ իշխանությունները` ԵԽԽՎ-ի 1677 բանաձեւի պահանջների կատարման վերաբերյալ, երբ դեռ բանտերում քաղբանտարկյալներ կան, «Ա1+»-ը մնում է փակված, մարտի 1-ի բացահայտման հարցում իշխանությունները չեն հասել գոհացուցիչ արդյունքների, չի հարգվում մարդկանց հավաքների ազատությունը, եւ Ազատության հրապարակում շարունակում են արգելվել հանրահավաքները. պահանջներ, որոնք նշված էին 2009-ի հունվարին ԵԽԽՎ-ի ընդունած 1677 բանաձեւում»: «Միշտ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանելու», - երեկ թերթի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս են պատրաստվում պատասխանել բանաձեւի վերը նշված պահանջների չկատարման վերաբերյալ Համարբերգի հարցերին: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նաեւ հավելել է, որ 1677 բանաձեւի «բոլոր պահանջներն էլ կատարման ընթացքում են»: «Նա, սակայն, դժվարացավ նշել, թե հնարավո՞ր է մինչ Համարբերգի այցը քաղբանտարկյալներից մի քանիսն էլ ազատ արձակվեն: Մեր տեղեկություններով` հենց նույն Դավիթ Հարությունյանը այս օրերին մի քանի քաղբանտարկյալների ցուցակ է կազմում` Համարբերգի այցից առաջ ազատ արձակելու համար», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախօրեին Freedom House հեղինակավոր կազմակերպությունը հրապարակեց «Ազատություն աշխարհում» տարեկան զեկույցը, որտեղ առաջին անգամ Ղարաբաղը դասվել է անազատ քաղաքական եւ քաղաքացիական ազատություններ ունեցող երկրների շարքում, ինչպես` Ադրբեջանը: Այս փոփոխությունը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա չի կարող իր անդրադարձը չունենալ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այսպիսով կորցրել են իրենց հիմնական կռվաններից մեկը բանակցություններում. այն է, որ ավելի ազատ եւ ժողովրդավարական երկիրը չի կարող ստորադասվել բռնապետությանն ու նվազ ազատություններ ունեցող երկրին, եւ այդ փաստարկը, ինչպես պնդում են փորձագետները, բոլոր մակարդակի հանդիպումների ժամանակ մշտապես ընդունելի եւ հասկանալի է եղել միջազգային հանրության համար»:

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ: Նա ասում է. - «Հավատացած եմ, որ պատերազմի վտանգը էապես նվազել ու առաջիկայում ավելի պակասելու է: Դա է հաստատում նաեւ Եվրոպա գազ մատակարարելու մասին երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի ու Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի ստորագրած երկարաժամկետ պայմանագիրը: Հասկանալի է, որ եվրոպական պետությունները նման խոշորածավալ ներդրումներ չէին կատարի, եթե տարածաշրջանում պատերազմի վտանգը բացառած կամ գոնե մեղմած չլինեին: Պատերազմ չի կարող սկսվել միայն Ադրբեջանի նախագահի ցանկությամբ: Միջազգային հանրությունը, մի շարք ազդեցիկ պետություններ շահագրգռված են, որ մեր տարածաշրջանում խաղաղություն տիրի: Հիմա արդեն ոչ ոք չի թաքցնում, որ եթե Արցախյան ազատամարտի ժամանակ միջազգային միջնորդները չկասեցնեին հայկական զորախմբերի առաջխաղացումը, ապա Ադրբեջանն առնվազն մասնատված կլիներ: Հետեւաբար ոչ մի բան չի խանգարում, որ հայկական կողմն իր արդեն մեկ անգամ ունեցած հաջողությունը կրկնի»:

Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել «Առավոտ»-ին. - «Ես կարծում եմ, որ նախագահի զինակիցների գերակշիռ մասը նրա համախոհները չեն, եւ Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակների հստակեցմանը զուգընթաց, առավել անթաքույց ու հանդուգն կդառնա քաղաքական սաբոտաժը` այդ նպատակների իրականացման ճանապարհին: Այդ սաբոտաժը կխրախուսվի դրսից, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի կողմից: Փորձ կարվի ստեղծել ֆորսմաժորային իրավիճակ եւ հասնել իշխանափոխության կամ նախագահից հօգուտ Ռուսաստանի առավել մեծ զիջումների կորզման: Ավելի կոնկրետ` հայ - թուրքական եւ Հայաստան - Արեւմուտք ձեւավորվող հարաբերությունների վերջնական ձախողման: Այսինքն` ֆորս-մաժորը կաշխատի երկու ուղղությամբ. առաջին` Սերժ Սարգսյանից կերտել հայկական Լուկաշենկո կամ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Սա աղետալի կլինի Հայաստանի համար: Եվ այս պարագայում մտածելու բան ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, որը աննկատ դառնում է ռուսական տրոյական ձի: Ավելին, դեռ հարց է, թե ում կբերի Ռուսաստանը իշխանության` Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի զինակիցների գերակշիռ մասը նույնպես նրա համախոհները չեն»:

Վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Ըստ նրա` բարեփոխումների անվան տակ իրականացվող կադրային փոփոխություններից հետո (եթե իսկապես դրանք իրականացվում են բարեփոխումների նպատակով) պետք էր այդ պաշտոնյաների աշխատանքին իրական գնահատական տրվեր, որը չի արվել: Ավելին, նրա խոսքով, օրերս նոր գյուղնախարարին ներկայացնելիս անգամ շնորհակալություն հայտնեցին նախկին գյուղնախարարին, նշեցին, որ ինչ-որ սխալներ էլ եղել են, բայց դրանք եղել են կլիմայական, սեզոնային, ընդերքային եւ այլն: Հրանուշ Խառատյանը նկատում է, որ եթե այդ գնահատականները չկան, ուրեմն խոսակցությունը, թե ռեֆորմներ են պետք եւ այդ ռեֆորմների ընթացքը կապված է պաշտոնափոխությունների հետ, ֆիկցիա է: Ըստ ազգագրագետի, եթե քաղաքապետի գործունեության մեջ որեւէ սխալ չկար, «միայն դմբուզի խնդիրն էր», պետք չէ նրա հրաժարականից հետո ռեֆորմներ ակնկալել: «Խոսեցին առողջապահության կոռուպցիոն երեւույթների մասին, արդյունքում հեռացվեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, որի առաքինությունն ակնհայտ էր: Այսինքն` կոռուպցիոն խնդիրներով փոփոխություններ կատարելու դեպքում հեռացվեց ոչ միայն իմ, այլ նաեւ շատերի գնահատմամբ առավել անկաշառ մեկը», ասել է Հրանուշ Խառատյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG