Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նոր նախագահողը ներկայացրեց իր առաջնահերթությունները


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիս, Վիեննա, 13-ը հունվարի, 2011թ.
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիս, Վիեննա, 13-ը հունվարի, 2011թ.
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը այս տարի ստանձնեց Լիտվան։ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած ասուլիսում ներկայացրել է ԵԱՀԿ-ն նախագահելու ընթացքում Լիտվայի համար առաջնահերթությունները:

Աուդրոնիուս Աժուբալիսը հայտարարել է, որ ամենաառաջնահերթ խնդիրներից է սառեցված հակամարտությունների լուծումը։ Այս տարի ԵԱՀԿ-ի «բարձր պարտավորություններից» կլինի տարածքային երկարատեւ վիճաբանությունների լուծումը:

«Սա միայն նախագահողին վերաբերող խնդիր չէ` սա խնդիր է մեր բոլորի համար։ ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորելը պետք է լինի մեր ամենաբարձր պարտավորությունը, մեր միասնական ամենաբարձր պարտավորությունը», - մամուլի ասուլիսում հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը։

Նա ասել է, որ Լիտվան ճնշում կգործադրի` վերականգնելու պաշտոնական բանակցությունները Մերձդնեստրի հարցով, ինչպես նաեւ Վրաստանում
ԵԱՀԿ-ի ներկայությունը մեծացնելու համար։ Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ն ձգտելու է «լիցքավորել» Լեռնային Ղարաբաղի բանակցությունները։

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում, միջնորդում է երեք այսպես կոչված սառեցված հակամարտությունների` Վրաստանից անջատված ու Ռուսաստանի կողմից պաշտպանվող Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Մոլդովայից անջատված Մերձդնեստրի եւ Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացներում։ Սակայն մինչեւ հիմա բանակցություններում մեծ առաջընթաց չի արձանագրվել։

Աուդրոնիուս Աժուբալիսը նաեւ մտահոգություն է հայտնել Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակը փակելու` Բելառուսի իշխանությունների որոշման կապակցությամբ։

«Ես խորապես ցավում եմ, որ Բելառուսում անցկացված վերջին ընտրությունները չհամապատասխանեցին այդ սկզբունքներին, եւ որ Բելառուսը չի համաձայնում, որպեսզի Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակը շարունակի իր գործունեությունը։ Ես կոչ եմ անում վերանայել այդ որոշումը, ինչպես նաեւ կատարել Կոպենհագենի չափանիշներն ու նորմերը», - ասել է Աժուբալիսը։

Բելառուսի ոստիկանությունը ավելի քան 600 մարդու էր ձերբակալել դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Շուրջ երկու տասնյակ ձերբակալվածներ, այդ թվում` մի քանի լրագրողներ եւ նախագահի չորս նախկին թեկնածուներ, մեղադրվում են «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեջ. այս մեղադրանքով նրանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում։

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաեւ ասել է, որ Լիտվան ամուր կպաշտպանի լրագրողների իրավունքները ամբողջ աշխարհում եւ կաջակցի մամուլի ազատությանը։ Նա հայտնել է, որ հունիսին Վիլնյուսում ԵԱՀԿ-ի համաժողով կանցկացվի լրագրողների անվտանգության հարցերով։

«Վերջին 12 տարվա ընթացքում աշխարհում ավելի քան 1100 լրագրողներ եւ լրատվամիջոցների աշխատակիցներ են սպանվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։ Սա չի կարող շարունակվել», - հայտարարել է Աժուբալիսը։

ԵԱՀԿ-ի նախագահությունը Լիտվան ստանձնեց Ղազախստանից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG