Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում քննարկվել է իրավիճակը Բելառուսում


Բելառուս - Հետընտրական իրադարձությունները Մինսկում, 19-ը դեկտեմբերի, 2010թ.
Բելառուս - Հետընտրական իրադարձությունները Մինսկում, 19-ը դեկտեմբերի, 2010թ.
«Բելառուսի իշխանությունները ընդամենը մի քանի օր ունեն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար», - չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Մեր ուղերձը Մինսկին հստակ է` Բելառուսն անհապաղ կերպով պետք է ազատ արձակի բոլոր ազատազրկվածներին եւ վերջ տա ժողովրդավարական ուժերի հալածանքներին: Միայն այդ դեպքում Բելառուսը կկարողանա խուսափել պատժամիջոցներից: Այս քայլի համար սահմանված վերջնաժամկետը ոչ թե շաբաթներով է հաշվարկվում, այլ ժամերով ու օրերով», - ասել է եվրոպացի պաշտոնյան:

Եվրախորհրդարանում կայացած այս քննարկումներին մասնակցում էին նաեւ բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները, որոնց համոզմամբ` երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյից զիջումներ կորզելու միակ գործուն ձեւը պատժամիջոցներն են:

2006-ի ընտրություններում որպես բելառուսական ընդդիմության միասնական թեկնածու հանդես եկած Ալեքսանդր Միլինկեւիչը, դիմելով եվրոպացի պատգամավորներին, հայտարարել է. - «Եվրամիության արձագանքը պետք է լինի շատ կոշտ եւ հետեւողական, պետք է կիրառվեն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ճնշման բոլոր հնարավոր մեթոդները: Գլխավոր խնդիրը, որ պետք է լուծվի, քաղբանտարկյալների ազատ արձակումն է»:

Եվրոպացի քաղաքական գործիչները լրջորեն քննարկում են նախեւառաջ Լուկաշենկոյի եւ բելառուս մյուս բարձրաստիճան պաշտոնյաների` Եվրամիության տարածք մուտքն արգելելու հարցը: 2006-ի ընտրություններից հետո նման արգելք արդեն իսկ գործել է, սակայն 2008-ին Եվրամիության պաշտոնյաները որոշեցին վերացնել այն` հուսալով, որ դա կնպաստի Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը: Այժմ, երբ այդ հույսերը չեն արդարացել, եվրոպացիներն ընդհանրապես կասկածի տակ են առնում Լուկաշենկոյի` նախագահի պաշտոնում գտնվելու օրինականությունը:

«Արտահայտելով մեր այսօրվա տեսակետը` կարող ենք արձանագրել, որ Լուկաշենկոն ժողովրդավարական լեգիտիմության ակնհայտ պակաս ունի: Այդ իսկ պատճառով, Եվրամիությանը անհրաժեշտ է վերանայել Մինսկի հանդեպ տարվող քաղաքականությունը», - հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG