Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանությունը 2010 թվականը ամփոփել է «ցանկալի արդյունքներով»


Ըստ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի` Ճանապարհային ոստիկանությունը 2010 թվականը ամփոփել է ցանկալի արդյունքներով:

«Տարվա ընթացքում պետական հաշվառման է վերցվել 1974 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 293 մարդ եւ վիրավորվել 2671 մարդ», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Նորիկ Սարգսյանը:

Վիճակագրությունը փաստում է, որ 2009-ի համեմատ 2010-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 28-ով:

Նորիկ Սարգսյանը այս տարվա առաջին տոնական 10 օրերին գրանցված ցուցանիշները եւս դրական է համարում:

«Գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել` 111-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 6-ով, զոհերի թիվը` 4-ով, միայն վիրավորների թիվն է աճել` 7-ով», - ասաց Սարգսյանը:

Նա տվյալներ չտրամադրեց այն մասին, թե անցած 10-օրյակում վթարի ենթարկված ավտոմեքենաներից քանիսն են ապահովագրված եղել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պարտադիր ավտոապահովագրությունը:

«Այս պահին ես չունեմ տվյալ, թե քանիսն են ապահովագրված եղել, որովհետեւ կոնկրետ դա մեզ այնքան էլ հուզող հարց չէ: Ի՞նչ տարբերություն առանց ամրագոտու են վարել, թե՞ առանց ԱՊՊԱ-ի: Շեշտադրված ձեւով ոչ հատուկ ինչ-որ միջոցառումներ ենք արել, ոչ էլ անելու, ոչ էլ մեր համար ինչ-որ առանձնահատուկ երեւույթ է առանց ԱՊՊԱ-ի տրանսպորտային միջոց վարելը: Խախտումներից մեկն էլ դա է եւ ճանապարհային ոստիկանությանը այդքանով է հետաքրրում, վերաբերվում: Օրենք է ընդունվել, մենք պարտավոր ենք օրենքի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնել», - ասաց Սարգսյանը:

ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն «Ազատություն» ռադիոկայանին տրամադրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Ավետիսյանի տրամադրած տվյալների համաձայն` հունվարի 11-ի դրությամբ նախնական տվյալներով ապահովագրվել է շուրջ 230 հազար տրանսպորտային միջոց:

«430 հազար հաշվառված տրանսպորտային միջոցներից արդեն մոտ 60 տոկոսը ձեռք են բերել ԱՊՊԱ պայմանագրեր: Նախնական տվյալներով տրանսպորտային միջոցների սեփականատերերի մոտ 5 տոկոսը դիմել է [ավտոմեքենան] ժամանակավոր հաշվառումից հանելու եւ համապատասխանաբար ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու պարտավորությունից ազատվելու համար», - ասաց Ավետիսյանը:

Ըստ Վահան Ավետիսյանի` անցած 10 օրվա ընթացքում ապահովագրական ընկերություններն իրազեկվել են մոտ 600 ապահովագրական պատահարների մասին:

«Երբ ապահովագրված տրանսպորտային միջոցը պատահար է ունենում եւ վնաս է հասցնում, նա իրազեկում է ապահովագրական ընկերությանը եւ ընկերության ներկայացուցչին հրավիրում դեպքի վայր: Ընկերությունը ֆիքսում է դեպքը, հանգամանքները, որից հետո տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարում տուժող կողմը 3 ամիս ժամկետ ունի փաստաթղթավորելու եւ ներկայացնելու` ապահովագրական հատուցում ստանալու համար: 600-ը իրազեկված պատահարներն են, այսինքն 600 պատահարի գծով իրազեկվել են ապահովագրական ընկերություններ եւ այդ պատահարների գծով տուժողների մոտ 20-25 տոկոսը արդեն գրավոր դիմել են ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցում ստանալու համար», - ասաց Ավետիսյանը:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը կարծում է, որ մինչեւ փետրվարի վերջ հանրապետությունում հաշվառված ապահովագրման ենթակա գրեթե բոլոր տրանսպորտային միջոցները ձեռք կբերեն ԱՊՊԱ պայմանագրեր: Նա նաեւ հերքեց պարտադիր ապահովգրման գործընթացի հետաձգման վերաբերյալ լուրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG