Մատչելիության հղումներ

Թուրքիայի մշակույթի նախարարը փորձում է մեղմել վարչապետի հայտարարությունը


Հայերի եւ թուրքերի բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը Կարսում
Թուրքական իշխանությունները կարծես փորձում են չեզոքացնել այն բացասական էֆեկտը, որ գործեց վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Կարսում ունեցած վերջին ելույթը:

Այդ ելույթում թուրքական կառավարության ղեկավարը կոչ էր արել ապամոնտաժել քաղաքի մերձակա բլուրներից մեկի գագաթին գտնվող` հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը:

Երկուշաբթի օրը, սակայն, անդրադառնալով հայտնի թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի հեղինակած այս հուշարձանի ճակատագրին, Թուրքիայի մշակույթի նախարար Էրուղթրուլ Գյունայը փորձել է որոշակիորեն մեղմել Էրդողանի հայտարարությունը:

«Մենք որեւէ ցանկություն չունենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այս կամ այն արվեստագետի նկատմամբ, առավել եւս` որեւէ ստեղծագործություն դեն նետելու նպատակ չենք հետապնդում: Կարսի հուշարձանն իր մեջ ճշմարիտ թեմա էր ամբողջացրել, այն բարեկամության ուղերձ էր կրում: Պարզապես վերջին տարիներին լուրջ բանավեճեր էին ծավալվել այն վայրի մասին, որում տեղադրվել է հուշարձանը», - նշել է նախարարը:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր հայտարարություններում Թուրքիայի մշակույթի նախարարն ավելի հեռուն է գնացել` փորձելով համոզել, որ Էրդողանի քննադատության իրական թիրախը ոչ թե հուշարձանն է եղել, այլ հարակից շինությունները:

«Տվյալ պահին իրավիճակի որոշակի փոփոխություն է առկա: Մշակույթի նախարարն ասել է, որ վարչապետի խոսքը ոչ թե հուշարձանին է վերաբերել, այլ մերձակա ապօրինի շինություններին: Նախարարի խոսքով` վարչապետի ակնարկը հենց այդ շինությունների մասին էր, որոնք գտնվում են այն նույն բլրի ներքեւի հատվածում, որտեղ կանգնեցվել է հուշարձանը», - ասաց ստամբուլահայ լրագրողը:

Արա Գոչունյանը, սակայն, չի բացառում, որ Էրդողանի վերջին ելույթը հարկավոր է դիտարկել ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում` նաեւ հաշվի առնելով Կարսի բնակչության ազգային կազմը:

«Կարսի բնակիչների 20 տոկոսն ադրբեջանական արմատներ ունի: Դեռ հուշարձանի կառուցման շրջանում այդ շրջանակները, ազգայնականները լուրջ վերպահումներ ունեին, բողոքով դիմել էին մշակույթի նախարարություն: Ընդհանուր առմամբ, թերթերը այս հուշարձանի կառուցման գաղափարը կապում են Կարսի նախկին քաղաքապետի անվան հետ, որը հայ - թուրքական հարաբերություններին կարգավորման, սահմանի բացման ջատագովներից էր», - նշեց Գոչունյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG