Մատչելիության հղումներ

Պայթյուն Վրաստանի ՊՆ-ի ուսումնական կենտրոնում. 3 մարդ զոհվել եւ 13-ը վիրավորվել է


Վրաստանի պաշտպանության նախարարության Կրծանիսիի ուսումնական կենտրոնում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են 3, վիրավորվել` 13 զինծառայողներ: Այդ տվյալները հրապարակել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Վիրավորները տեղափոխվել են Թբիլիսիի եւ Ռուսթավիի հիվանդանոցներ:

Տեղական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե մահացել է նաեւ վիրավորներից մեկը, քիչ անց հերքվեց Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից:

Ականի պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստան մեկնող վաշտի զորավարժությունների ժամանակ, ենթադրաբար` զինծառայողներից մեկի անզգուշության հետեւանքով:

Պաշտպանության նախարարության գլխավոր տեսչությունը եւ ռազմական ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քննություն են իրականացնում: Մինչ քննության ավարտը զորավարժությունները դադարեցվել են:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ցավակցություններն է փոխանցել զոհվածների ընտանիքներին: Նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ զոհվածները կհուղարկավորվեն պետության հաշվին, պետությունը նաեւ հոգածություն կցուցաբերի նրանց ընտանիքների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG