Մատչելիության հղումներ

«Ընդհատված երգ»-ը «առողջ երկխոսություն որոնելու» մասին է


 Լաչինից հայ փախստականները Հայաստանի սահմանին` 1991 թվականին արված լուսանկարում:
Լաչինից հայ փախստականները Հայաստանի սահմանին` 1991 թվականին արված լուսանկարում:

«Մեր ֆիլմը առողջ երկխոսություն որոնելու մասին է», - ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում նկարահանվող «Ընդհատված երգ» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը։

Ֆիլմի սյուժեն այսպիսին է. Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ հայն ու ադրբեջանցին ընկնում են նույն խորը փոսի մեջ։ Անհուսալի իրավիճակում նրանց միջեւ երկխոսություն է սկսվում։ Յուրաքանչյուրը սկսում է պատմել իրեն ցավ պատճառող հարցերի մասին։ Հայի կերպարը հայ դերասան է մարմնավորում, ադրբեջանցունը՝ ադրբեջանցի դերասան։

Ֆիլմի հովանավորները Մոսկվայում բնակվող երիտասարդ հայեր են։ Այս կապակցությամբ Արիկ Մանուկյանն ասել է, թե ֆիլմը նկարահանելու գաղափարը երկու տարի առաջ ունեին, բայց ստիպված էին հետաձգել դրա իրականացումը` ֆինանսավորում չունենալու պատաճառով։

2010-ի աշնանը, Մանուկյանի խոսքով, որոշել են սկսել ֆիլմի նկարահանումները, որովհետեւ երկու կողմի համար էլ այս խնդիրը հրատապ նշանակություն ունի։ Որոշել են «անկողմնակալ, օբյեկտիվ» ֆիլմ նկարահանել։

«Աշխատանքները սկսել ենք սեփական միջոցներով։ Ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը վաճառել է իր մեքենան եւ ամբողջ գումարը ներդրել է ֆիլմը նկարահանելու գործում։ Մենք լրացուցիչ միջոցների կարիք ունենք` ցուցադրելու համար ֆիլմը Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ` արտասահմանյան երկրներում։ Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները», - ասել է Մանուկյանը:

Մանուկյանի փոխանցմամբ, ֆիլմը պատրաստ կլինի գալիք մայիսի վերջին։ Պրեմիերան նախատեսվում է Մոսկվայում` Կինոյի տանը։ Պլանավորում են ամռանը ֆիլմը ցուցադրել Հայաստանում, Ադրբեջանում, Միացյալ Նահանգներում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Մերձավոր Արեւելքում եւ բալկանյան որոշ երկրներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG