Մատչելիության հղումներ

«Եգիպտահայերին վտանգ չի սպառնում»


Հունվարի 1-ի ահաբեկչության դեմ բողոքի ցույց Ալեքսանդրիայում, 2-ը հունվարի, 2011թ.
Հունվարի 1-ի ահաբեկչության դեմ բողոքի ցույց Ալեքսանդրիայում, 2-ը հունվարի, 2011թ.
Հունվարի 7-ին Եգիպտոսում ղպտիները Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն են տոնում։

2011 թվականի գալուստը Եգիպտոսում ողբերգական էր` հունվարի 1-ի առաջին րոպեներին Ալեքսանդրիայի Սրբերի եկեղեցում պայթյուններ որոտացին հենց այն պահին, երբ ղպտիների ամանորյա պատարագն ավարտվել էր եւ հավատացյալները սկսել էին դուրս գալ շենքից։ Զոհվեց 21 մարդ։

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, տասնյակ պետությունների ղեկավարներ խստորեն դատապարտել են հանցագործությունը։

Եգիպտացի իրավապահները չեն բացառում, որ Ալեքսանդրիայում եկեղեցին ահաբեկչական հարձակման են ենթարկել սալաֆները` մոլեռանդ արմատական մահմեդականները, ովքեր, ամենայն հավանականությամբ, առնչություն ունեն «Ալ-Ղաիդա»-ի հետ։

Իսկ արդյո՞ք վտանգ չի սպառնում այդ արաբական երկրում բնակվող հայերին, - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Կահիրեում հրատարակվող «Ջահակիր» պարբերականի տնօրեն Մարտիրոս Բալայանը պատասխանեց. - «Հայերը բացարձակ ապահով վիճակում են, եգիպտահայերին վտանգ չի սպառնում, Ալեքսանդրիայի ահաբեկչությունից հետո Եգիպտոսի իշխանությունները անվտանգության ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկել»։

Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ մահմեդականները հայերի հանդեպ շատ բարյացկամ են։

«Մեզ այս երկրում հյուր են դիտում, մինչդեռ ղպտիների նկատմամբ վերաբերմունքն ուրիշ է, որովհետեւ նրանք քաղաքի տերերն են եւ նրանց ու եգիպտացիների ճանապարհները հաճախ են հատվում, սակայն հայերն այս երկրում շատ ապահով եւ բարեկարգ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ջահակիր» պարբերականի տնօրենը:

Եգիպտոսի 80 միլիոն բնակիչների 10 տոկոսը քրիստոնեություն դավանող ղպտիներ են, նրանց եւ մոլի մահմեդականների միջեւ հաճախ են տեղի ունենում միջադեպեր։

Հինգշաբթի օրը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ողջույնի ուղերձով դիմել է Սուրբ Ծնունդը հունվարի 7-ին նշող արեւելյան եկեղեցիներին եւ ակնհայտորեն ղպտիներին հասցեագրված պատգամով հորդորել «չկորցնել ոգու կորովը փորձության ժամին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG