Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը


Սիրելի´ հայրենակիցներ,

Մոտենում է 2011 թվականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաեւ ներկա անկախությունը կերտած սերունդների հպարտությամբ պիտի արձանագրենք, որ նման հոբելյան հայոց հողի վրա վաղուց չի նշվել: Շա՛տ վաղուց:

Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ եւ լավ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետեւողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես պակաս շատ բան կա: 2011 թվականը լինելու է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման եւ հայոց իղձերի իրականացման ուղղությամբ նոր քայլերի տարի:

Չեմ կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղն անկասկած լրացվելու է: Անցնող տարում հսկայական գործ են արել ե´ւ գյուղացին, ե´ւ դիվանագետը, ե´ւ զինվորականը, ե´ւ պետական ծառայողը, ե´ւ գործարարը, ե´ւ ուսուցիչը ե՛ւ շատ-շատերը: Ինչ-որ բան չի հաջողվել գյուղացուն, ինչ-որ բան` գործարարին կամ կառավարությանը, բայց շատ բան, երբեմն բազմապատիկ ավելի, հաջողվել է: Սա փաստ է: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, եւ նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ: Փոփոխությունները շարունակվելու են, եւ դրանց արդյունքերն ավելի տեսանելի են լինելու:

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա եւ գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սրանք տոներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ: Ամանորը դիմավորենք նորացված հույսերով ու նորոգ հավատով, քանի որ լավ սկիզբը գործի կեսն է:

Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք ավանդույթը եւ բաժակ բարձրացնենք մեր զինվորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տոնական գիշերը: Առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշված, բայց ազգային արժանապատվությունը մարմնավորող հոբելյանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպես չի խոցում, ինչպես լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին:

Նոր Տարին առաջին հերթին երեխաների եւ ընտանեկան տոն է, որ առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Մաղթում եմ մեր երեխաներին, որ նրանք լինեն առողջ եւ ուրախ, վայելեն ընտանեկան ջերմությունն ու սերը: Եթե այդպես լինի, վաղը մենք կունենանք բյուրեղացած նկարագրով նոր որակի հասարակություն, որտեղ կշիռ չեն ունենա չարացած մարդիկ:

Մեր տարեցներին մաղթում եմ առողջություն եւ ջերմություն: Թող նրանք միշտ հնարավորություն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զավակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց հաջողություններով։

Սիրելի´ հայրենակիցներ, քույրե´ր եւ եղբայրնե´ր,

Բոլորիդ հաջողություն, խաղաղություն եւ սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն եմ ցանկանում գալիք տարում: Մաղթում եմ, որ 2011 թվականը դառնա նոր հաղթանակների եւ սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի, եւ բոլորս հզոր թիկունք, լավ օրինակ լինենք միմյանց համար։ Այս դեպքում յուրաքանչյուր նոր տարի հաստատապես մերը կլինի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG