Մատչելիության հղումներ

Ձվի դեֆիցիտը շարունակվում է


Ձվի դատարկ տուփերը շարված են երեւանյան բացօթյա շուկայում
Ձվի դատարկ տուփերը շարված են երեւանյան բացօթյա շուկայում

Նախատոնական այս օրերին ձուն Երեւանում եւ մարզերում շարունակում է մնալ չճարվող սննդամթերք:

Սպառողների ասոցիացիայի մոնիտորինգի եւ մարքեթինգի հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզ Հայցյանն ասում է, որ ձվի դեֆիցիտը կանխատեսելի էր դեռ ամռան ամիսներին, երբ ձուն վաճառվում էր ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գներով:

«Շուկայական տնտեսության օրենքներից ելնելով` շատ արտադրողներ այս հանգամանքի պատճառով մղվեցին դուրս, չէին կարողանում գոյատեեւել, այնպես որ պատահական չհասանք այս օրին», - արձանագրում է Հայցյանը:

Նրա խոսքով` ձվի բացակայության հիմնական պատճառներից են անբարեխիղճ սպառումը, խանութների կողմից իրականացվող անբարեխիղճ պահեստավորումը եւ մենատնտեսների կողմից շուկայի օրենքների դեմ ուղղված քայլերը:

«Սպեկուլյացիա է: Մարդիկ իմանալով, որ ձուն շատ է իրացվում այս վերջին ամիսներին եւ Նոր տարվա նախօրեին, բնական է, ամեն մեկը 30 հատից պակաս չեն գնի, գիտեն, որ պահանջարկ կա, եւ այն ձուն, որ պետք է գնար մանրածախ ցանց, իրացվեր խանութների միջոցով, այս ձուն թափանցել է շուկա եւ վաճառվել է շուկայում 90-100 դրամով», - ասաց Հայցյանը:

Ոլորտի մասնագետները փաստում են, որ այս օրերին մեկ սպառողը սովորականից 1.5 անգամ շատ ձու է սպառում:

Նախօրեին Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստան է ներկրվել հավի ձու` Ամանորի նախօրեին ձվի պահանջարկը բավարարելու նպատակով: Սակայն խանութներում ձու դեռ չի վաճառվում, բացառությամբ ցանցային խանութներից մեկից, որտեղ ձուն ոչ միայն կա, այլ նաեւ վաճառվում է ակցիայով, այսինքն զեղչով:

Այս խանութի տնօրենը, որ չցանակացավ ներկայանալ, «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում բացատրեց ակցիայի բնույթը:

«Մեզ մոտ 10 օրվա կտրվածքով եղել է ձվի հետ կապված ակցիան, Լուսակերտի [թռչնաֆաբրիկայի] ձուն վաճառել ենք ընդամենը 45 դրամով, այժմ էլ խանութում ձուն վաճառվում է 60 դրամով, իսկ ստացել ենք 56 դրամով», - ասաց խանութի տնօրենը:

Սպառողների ասոցիացիայի մոնիտորինգի տվյալներով` ձվի իրացման ծավալները վերջին երեք ամիսներին կտրուկ ավելացել են: Սակայն Հայցյանը նշում է, որ սա դեռ բավարար հիմք չէ նման թանկացումների եւ դեֆիցիտի առաջացման համար:

Քաղաքացիների դժգոհություններն այն մասին, որ այս հարցը պետք է պետության միջամտության միջոցով լուծվի, Հայցյանի համոզմամբ անտեղի են եւ կարող են հակառակ արդյունքը ունենալ:

«Մենք չպետք է հորդորենք, որ պետությունը միջամտի: Այլ բան է մենաշնորհային իրավիճակը, երբ ամբողջ շուկայում ինքն է, ինչ գին ուզի, կթելադրի, դրա համար հատուկ պետական հանձնաժողով կա: Նրանք պարտավոր են հետեւել, որ մեկը մենաշնորհ չունենա շուկայում: Պարզապես մեր պետությունը պետք է մտածի` եթե ավելցուկ կա, ուրեմն վերամշակի, ոչ թե թողնի բարձիթողի վիճակում, դա խայտառակություն եւ անտնտեսվարություն է», - ամռան ամիսներին ձվի գերարտադրությունը նկատի ունենալով` ասաց Հայցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG