Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Սեպտեմբեր, 2010 թ.
Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Սեպտեմբեր, 2010 թ.

Հայաստանի նախագահի` Lեռնային Ղարաբաղին վերաբերող վերջին հայտարարությունները լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանի իշխանություններին: Սա է, թերեւս, պատճառը, որ ադրբեջանցի դիվանագետները փորձում են այս հարցը բարձրացնել ՄԱԿ-ի կառույցներում:

Ադրբեջանական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հաղորդել են, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թոֆիկ Մուսաեւը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին եւ Գլխավոր ասամբլեայի անդամներին` հերթական անգամ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով «օկուպացիոն քաղաքականություն վարելու մեջ»:

Ադրբեջանցի դիվանագետի ուղերձում, մասնավորապես, նշված է. - «Անցած ամիս հայկական ուժերը զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի գրավյալ տարածքներում: Այդ զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»:

«Զորավարժությունների ավարտին Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարությամբ», - շարունակում է ադրբեջանցի դեսպանը` իր նամակում ծավալուն մի մեջբերում զետեղելով Հայաստանի նախագահի ելույթից:

Խոսքը, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ելույթի հետեւյալ հատվածի մասին է. - «Երբ պահը գա, մենք կկարողանանք շատ ավելի լուրջ հաջողությունների հասնել, քան 1992-94 թվականներին` վերջնականապես լուծելով այս հարցը: Երբ պահը գա, մեր հարվածը կլինի վերջնական ու կործանանար»:

Հայաստանի նախագահի այս խոսքերը մեջբերելուց հետո ադրբեջանցի դիվանագետը` դիմելով Բան Կի-մունին նշում է. - «Ադրբեջանական կողմի համոզմամբ, Հայաստանի կողմից իրականացված նման ագրեսիվ ու սադրիչ քայլը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները հակասում են այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը` պատրաստակամություն հայտնելով գտնել հայ- ադրբեջանական հակամարտության լուծումը»:

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նաեւ հիշեցնում է, որ հայկական Զինված ուժերի վերջին զորավաժությունները ընթացել են Աղդամի շրջանում:

«Հարկ է նշել, որ Աղդամի շրջանի օկուպացիան դատապարտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 853 բանաձեւով: Այդ բանաձեւում նաեւ հստակ պահանջ կա ուղղված հայկական կողմին` անհապաղ կերպով լքել տարածքը»:

Ադրբեջանցի դիվանագետի նամակում նաեւ կարդում ենք. - «Զորավարժություններն ու ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում հարցի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ համահունչ չեն այն ջանքերին, որ ուղղված են հարցի ավելի ակտիվ կարգավորմանը` մասնավորապես, ԵԱՀԿ-ի` Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովի համատեքստում»:

Իր այս ուղերձում ադրբեջանցի դիվանագետը նաեւ փորձում է ապացուցել, որ Lեռնային Ղարաբաղում տեղակայված են ոչ թե չճանաչված հանրապետության, այլ Հայաստանի զինվորական ստորաբաժանումները:

Որպես այս պնդման ապացույց ադրբեջանցի դիվանագետը մատնանաշում է նոյեմբերի 19-ին ղարաբաղյան դիրքերում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում 4 հայ զինծառայող էր զոհվել:

«Ամենակարեւոր իրողությունն այն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունը հետաքննում է մի միջադեպ, որ տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս` կիրառելով Հայաստանի քրեական օրենսգրքի դրույթները», - նշում է ադրբեջանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG