Մատչելիության հղումներ

«Եվրոպայի մասին Թուրքիայի երազանքները խամրել են»


Թուրք գրող Օրհան Փամուքը:
Թուրք գրող Օրհան Փամուքը:

2006 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը գրել է, թե 50-60-ական թվականներին` իր մանկության տարիների դասագրքերում, Եվրոպան ներկայացվել է ռոմանտիկ լուսապսակով։

Օսմանյան կայսրության փլատակների վրա կառուցելով նոր հանրապետությունը, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը հասարակական-մշակութային արեւմտամետ բարեփոխումներ է նախաձեռնել: Դրանց օրինականացման համար հարկ էր ձեւավորել թուրքական նոր վերնախավ, դպրոցականներին պետք էր բացատրել, թե ինչու է անհրաժեշտ պետությունը տարանջատել կրոնից, ինչու է պետք արաբական գրերը փոխարինել լատինական այբուբենով։

Փամուքի փոխանցմամբ, կողմնորոշումը դեպի Եվրոպա թուրքերի կողմից ընկալվել է որպես պատմական անհրաժեշտություն, նոր իրողություններին հարմարվելու գործնական պահանջ։ Բայց ինչո՞ւ է հիմա խամրել Եվրոպայի այդքան փայփայած կերպարը։

Փամուքի կարծիքով, Թուրքիան դարձել է նյութապես ավելի ապահով։ Զինվորական վարչակազմերի օրոք երկիրը հողագործական երկրից վերածվել է դինամիկ զարգացող հանրապետություն, որտեղ կա նաեւ զարգացած քաղաքացիական հասարակարգ։

Բացի այդ, Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացը դանդաղել, գրեթե կանգ է առել։ Փամուքի համոզմամբ, այդ բանակցություններին ակտիվորեն խոչընդոտում է թուրքական բանակի որոշակի շրջանակների, ազգայնական կուսակցությունների եւ որոշ լրատվամիջոցների դաշինքը։

«Հենց դա էլ հրահրել է իմ հանդեպ հետապնդումները, այլոց վրա ուղղված կրակոցները, միսիոներների եւ քրիստոնյա հոգեւորականների սպանությունները»,- գրել է Օրհան Փամուքը։

Նրա կարծիքով, կա նաեւ զգացական հանգամանք. 20-րդ դարում թուրքական վերնախավի համար օրինակելի երկիրը Ֆրանսիան էր. - «Թուրքերը մեծագույն հիասթափություն են ապրել, երբ անցած 5 տարիների ընթացքում համոզվել են, որ հենց Ֆրանսիան է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենահիմնական ընդդիմախոսը։ Իսկ ամենամեծ վրդովմունքը հարուցել է այն, որ Եվրոպան Ջորջ Բուշի դրդմամբ ներքաշվել է իրաքյան պատերազմի մեջ»։

Օրհան Փամուքի կարծիքով, Եվրոպական միությունը «լավ չի հասկանում» իր ներքին խնդիրները։

«Ակնհայտ է, որ այլ դավանանքի, ռասայի, մշակույթի ներկայացուցիչների հետ գոյակցելու հարցում Եվրոպայի ժողովուրդների փորձը ամերիկացիների համեմատությամբ շատ ավելի փոքր է: Այդ գոյակցությունը եվրոպացիներին չի ոգեւորում։ Այդ դիրքորոշումը միայն ավելի է խորացնում խնդիրը։ Չի կարելի առհավետ Եվրոպա չթողնել ներգաղթելու նպատակ ունեցող Ասիայի եւ Աֆրիկայի աղքատներին եւ գործազուրկներին»,- գրել է Օրհան Փամուքը։

«Գարդիան»-ում հրապարակած հոդվածը թուրք անվանի գրողն ավարտել հռետորական այսպիսի հարցադրմամբ.- «Ամենասարսափելին այն է, որ իմիգրանտների դեմ ուղղված քաղաքականությունը եւ նախապաշարմունքը քայքայում են հենց Եվրոպայի արժեքները: Արդյոք չի՞ եկել պահը, որ Եվրոպան հիշի իր արմատական արժեքների մասին, որոնք ժամանակին Եվրոպան դարձրել են ամբողջ աշխարհի ինտելեկտուալներին ձգող կենտրոն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG