Մատչելիության հղումներ

Սոցապ ծառայության 300 աշխատակիցներ հունվարի 1-ից գործազուրկ կդառնան


Իշխող Հանրապետական կուսակցության անդամները բողոքում են աշխատանքից ազատվելու կապակցությամբ, Երեւան, 27-ը դեկտեմբերի, 2010թ.
Իշխող Հանրապետական կուսակցության անդամները բողոքում են աշխատանքից ազատվելու կապակցությամբ, Երեւան, 27-ը դեկտեմբերի, 2010թ.
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց:

Հայաստանի կառավարությունը որոշել է 2011 թվականի հունվարի 1-ից լուծարել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայությունը, որի արդյունքում ծառայության 300 աշխատակից գործազուրկ կդառնա:

Այս մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ իմացած կենսաթոշակ բաժանող տեսուչները բողոքի ցույց անցկացրին նախ իրենց ծառայության գրասենյակի առջեւ, ապա շարժվեցին դեպի նախագահի նստավայր, իրենց նամակը հանձնեցին նախագահին, այնուհետեւ բողոքի ակցիան շարունակեցին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել կայացրած որոշումը:

«Ես իմ ընտանիքի միակ կերակրողն եմ, ունեմ երկրորդ կարգի հաշմանդամ եւ ապրում եմ վարձով: Եվ բոլորը նույն կարգավիճակում են, այսօր Նոր տարվա շեմին մեզ նվեր են ուղարկել», - բողոքեց աշխատակիցներից մեկը:

Նրանք բոլորը իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են: Բոլորը մեկ մարդու պես նախագահական ընտրությունների ժամանակ համալրել են կուսակցության շարքերը եւ վրդովված ասում են, թե կպատռեն կամ կհանձնեն իրենց անդամատոմսերը, քանի որ «օգտագործվել եւ շպրտվել են դուրս իրենց իսկ կուսակցության ձեռքով»:

«Մի գիշերվա մեջ իրենց պետք էր, որ 300 հոգի դառնան Հանրապետական կուսակցության անդամ, այսօր իրենց պետք չեն այս 300 հոգին կուսակցությունում, շպրտում են դուրս», - ասաց տեսուչներից մեկը` հավելելով, որ 300 հոգին իր հետ կուսակցություն է բերել է 900 հոգու` իր ընտանիքի անդամներին կամ մյուս բարեկամներին:

«Ստիպում էին, որ ձայն հավաքենք Հանրապետական կուսակցության համար, եթե չէ` ուրեմն չենք կարող աշխատել, իսկ այսօր գրչի մի հարվածով բոլորիս հանեցին դուրս», - ասաց մեկ այլ աշխատակից:

Բողոքի ակցիային զուգահեռ տեսուչների մի քանի ներկայացուցիչներ հանդիպել էին նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, ով թեւ խոստացել է հարցի շուրջ զրուցել վարչապետի հետ, սակայն նաեւ ընդգծել է, որ «սա կուսակցական հարց չէ»:

Կառավարության կենսաթոշակային բարեփոխումները ենթադրում են, որ կենասաթոշակառուները իրենց թոշակները գալիք տարում կստանան անձամբ` քարտերի միջոցով որեւէ առեւտրային բանկում հաշիվ բացելով կամ տանը` «Հայփոստ»-ի աշխատակիցների միջոցով: Այս կերպ կառավարությունը ցանկանում է թոշակառուներին զերծ պահել թոշակ բաժանողների կողմից գրպանվելուց, մինչդեռ տեսուչները պնդում են, թե սա չհիմնավորված պատճառաբանություն է:

«Կարող են գնալ եւ բոլոր թոշակառուներին հարցնել, թե որեւիցե մեկը որեւէ տեսուչից դժգոհ է եւ համաձա՞յն է անցնելու «Հայփոստ»-ին: Թող գնան պառկած թոշակառուներին հարցնեն` մի օր, մի ժամ ուշացրե՞լ ենք իրենց գումարները, թե` ոչ», - հակադարձում է աշխատանքից ազատված տեսուչներից մեկը:

Նրանք ասում են` երբ տարիներ առաջ այս վճարումների ծառայությունը բացվեց, փոստի աշխատակիցները անգործ չմնացին: Նրանք այժմ էլ պահանջում են, որ նույն կերպ իրենց հետ վարվեն:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները, Կառավարության համապատասխան բաժնում հանձնելով իրենց նամակը, խնդրեցին այս հարցը քննարկել Կառավարության դեկտեմբերի 30-ի նիստում:

Այս օրը նրանք կրկին կհավաքվեն կառավարության շենքի մոտ` պահանջելով ժամանակավորապես հետաձգել վճարումների ծառայության լուծարումը, եւ գոնե առաջիկա ամիսներին իրենց աշխատանքից չզրկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG