Մատչելիության հղումներ

Գլխաշորով մուտքն ադրբեջանական դպրոցներ արգելվել է


Ադրբեջանի կրթության նախարարության կողմից սահմանված արգելքը, որի համաձայն գլխաշորերով` հիջաբներով, մուտքը դպրոցներ խստիվ արգելվում է, բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել երկրում:

Անցած շաբաթավերջին` մահմեդական Աշուրա տոնի օրը, Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում մոտ 10 հազար հավատացյալներ էին հավաքվել` բողոքելով նախարարության որոշման դեմ: Բողոքի ակցիայի ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ ցուցարարները` տեղի մահմեդական հոգեւորականների անմիջական գլխավորությամբ, այրել էին կրթության նախարար Միսիր Մարդանովի լուսանկարը:

«Կոչ եմ անում ձեզ միասին վանկարկել` լավ է մեռնել, քան հրաժարվել հիջաբներից», - հավաքվածներին դիմելով` ասում էր ադրբեջանցի հոգեւորականներից մեկը, վստահեցնելով, թե դրանք լոկ խոսքեր չեն. - «Մենք իրոք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի զոհվել հանուն հիջաբների»:

Ադրբեջանցի մի շարք վերլուծաբանների կարծիքով` Նարդարանում կազմակերպված ցույցը իր ծավալներով եւ արմատականությամբ աննախադեպ էր, հատակապես Ադրբեջանում վերջին տարիներին հաստատված ներքաղաքական լճացման ֆոնին:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, որեւէ զիջման այս հարցում չեն գնում: Հակառակը, կրոնական ազատություններին վերաբերող օրենսդրությունը գնալով ավելի է խստացվում:

Այսպես, երեքշաբթի օրը Ադրբեջանի Միլի մեջլիսը խստացրեց կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրության խախտումների համար սահմանված վարչական պատիժները: Անօրինական ճանաչված կրոնական գրականության տարածման դեպքում, օրինակ, Ադրբեջանի քաղաքացիները ենթարկվելու են մեծ տուգանքների, իսկ օտարերկրացիները արտաքսվելու են երկրից:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, անդրադառնալով հիջաբների խնդրին, հայտարարել է. - «Որեւէ մեկը գլխաշորերը չի արգելում, պարզապես գոյություն ունի դպրոցական համազգեստ, որում հիջաբ նախատեսված չէ: Այս պարզ իրողությունը մարդկանց պետք է բացատրեն նախեւառաջ ադրբեջանցի մտավորականները»:

Ադրբեջանական Միլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ռաբիյաթ Ասլանովան էլ ասել է. - «Ինչո՞ւ է այս ամենի շուրջ աղմուկ բարձրացել, չէ որ Ֆրանսիայում էլ արգելեցին դպրոցներում հիջաբ կրել: Հարկ է լրջորեն հետաքրքրվել` որոնք են նման ակտիվության իրական պատճառները: Չկա ավելի սարսափելի բան, քան կրոնական հողի վրա առաջ եկած աշխուժությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG