Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կարող է քվեարկության դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում


Երեքշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 19-ին Վաշինգտոնում մեկնարկել է 111-րդ գումարման Կոնգրեսի վերջին նիստը, որի ընթացքում պետք է որոշվի` արդյոք Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը դրվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկության, թե ոչ:

«Ամերիկահայ գաղութն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իրենց աշխատանքը կատարել են, խոսել ենք պետք եղած կոնգրեսականների հետ: Մենք գիտենք, որ քվեները կան, կոնգրեսականները ցանկանում են այս խնդրի շուրջ քվեարկել: Կոնգրեսի ղեկավարությունը նախկինում խոստացել էր հարցը ընդգրկել օրակարգում եւ ամերիկահայերի կոչը մեկն է` հարգել այդ խոստումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն օրը ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

Նախապես ծրագրված էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն այս կազմով իր վերջին նիստը կանցկացնի դեկտեմբերի 21-ին: Օրակարգում ընդգրկված հարցերի առատությունը, սակայն, կարող է ստիպել կոնգրեսականներին փոփոխության ենթարկել Ներկայացուցիչների պալատի աշխատանքային ժամանակացույցը:

«Վերջին լուրերի համաձայն, այս նիստը կարող է երկարաձգվել մինչեւ չորեքշաբթի, կամ նույնիսկ մինչեւ հաջորդ շաբաթ: Մենք կոչ ենք արել, որ այս հարցը հնարավորինս արագ կերպով դրվի քվեարկության, ի վերջո` Կոնգրեսի ներկայիս ղեկավարությունը չորս տարի ուներ այդ քայլին դիմելու համար, համապատասխան հանձնաժողովները այս բանաձեւը հաստատել են դեռ ամիսներ առաջ», - պնդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:

Ի դեպ, Էլիզաբեթ Չուլջյանի տպավորությամբ, առաջիկա քննարկումների շեմին Սպիտակ տան վարչակազմի եւ պետդեպարտամենտի ճնշումները կոնգրեսականների վրա այնքան էլ ուժեղ չեն: Պատճառը, ըստ նրա, հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի փաստացի տապալումն է:

«Պետդեպարտամենտը դեմ էր արտահայտվում բանաձեւի ընդունմանը` պատճառաբանելով հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը: Իրականությունը, սակայն, այն է, որ արձանագրությունները մեռած են, թուրքական կառավարությունն իր խոսքը դրժել է, նախապայմաններ է առաջ քաշել: Այս ամենի ֆոնին կոչերը, թե պետք է արձանագրությունների գործընթացին առաջ գնալու հնարավորություն ընձեռել կոնգրեսականների շրջանում որոշակիորեն չեզոքացվել են», - համոզված է Չուլջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG