Մատչելիության հղումներ

«Lոբբիստների պատերազմ» Վաշինգտոնում` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման շեմին


 ԱՄՆ-ի Կոնգրեսը
ԱՄՆ-ի Կոնգրեսը
Մի քանի ժամից պարզ կդառնա` կընդգրկվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 252 բանաձեւի նախագիծը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում, թե ոչ:

ԱՄՆ-ի 111-րդ գումարման Կոնգրեսի վերջին նիստերից մեկի շեմին թուրքական կողմն անում է հնարավորը` 1915 թվականի իրադարձությունները որպես Ցեղասպանություն բնութագրող այս բանաձեւի հնարավոր քննարկումն ու ընդունումը կանխելու համար:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը անձամբ է զանգահարում կոնգրեսականներին` փորձելով նրանց համոզել հրաժարվել Ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու գաղափարից:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանությունը փորձում է կոնգրեսականների վրա ներազդել նաեւ հեղինակություն վայելող եւ պաշտոնից հեռացած ամերիկացի գործիչների միջոցով:

«Վաշինգտոնում մեր երկրի դեսպանը զանգահարել է պաշտպանության նախկին նախարարներին եւ նախկին պետքարտուղարներին, ինչպես նաեւ ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդականներին», - հաղորդում է թուրքական գործակալությունը: Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Վաշինգտոնում հավատարմագրված թուրք դիվանագետները կապ են հաստատել Միացյալ Նահանգների Առեւտրի պալատի ղեկավարության հետ` կոչ անելով ճնշում գործադրել կոնգրեսականների վրա:

«Բանաձեւի ընդունումը լուրջ հարված է լինելու երկկողմ թուրք-ամերիկյան տնտեսական կապերի համար», - պալատի ղեկավարության հետ շփումների ընթացքում նշել են թուրք դիվանագետները:

Թուրքական NTV հեռուստաալիքը Վաշինգտոնում ծավալված իրադարձությունները բնութագրում է որպես «լոբբիստների պատերազմ»` նկատելով, որ այսօր սպասվող կոնգրեսական քննարկումից առաջ «Ամերիկայի հայկական կազմակերպությունները աննախադեպ ակտիվություն են ծավալել»:

Այս իրավիճակում որոշիչ է դառնում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի դիրքորոշումը:

Վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները` Hurriyet-ը նշել է, որ Անկարայում քիչ հավանական են համարում, թե Փելոսին կարող է վերջին պահին հետ կանչել թիվ 252 բանաձեւը:

«Այս նախագծին Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծ կարեւորություն է տալիս», - նշում է թերթը:

Բանաձեւի հնարավոր հաստատման դեմ է հանդես գալիս նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: Անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին հայտարարեց. - «Մենք հստակորեն հայտարարել ենք, որ դեմ ենք այս բանաձեւի ընդունմանը: Այս խնդրի շուրջ պետդեպարտամենտը ակտիվորեն աշխատում է Ներկայացուցիչների պալատի անդամների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG