Մատչելիության հղումներ

S-300-ի մասին հաղորդագրությունը «մեսիջ է Ադրբեջանին»


S-300 հակահրթիռային համակարգը
S-300 հակահրթիռային համակարգը

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը «որոշակի մեսիջ» է համարում Հայաստանի Զինված ուժերի զինանոցում S-300 համակարգի առկայության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը:

Երկուշաբթի օրը Հայաստանը պաշտոնապես խոստովանել է, որ իր Զինված ուժերը հագեցած են ռուսական արտադրության գերճշգրիտ զենիթահրթիռային S-300 համակարգով:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ թեեւ Հայաստանում S-300 տիպի համակարգերի համար մինչ օրս պաշտոնական հավաստումներ չեն եղել, սակայն բոլորին էլ հայտնի էր, որ հակահրթիռային այդ համակարգերը իսկապես կան:

«Քանի որ առաջին անգամ պաշտոնապես ասվեց դրանց առկայության մասին, ես կարծում եմ, այստեղ, բայցեւայնպես, կա որոշակի մեսիջ` ուղղված, իհարկե, առաջին հերթին Ադրբեջանին», - ընդգծեց Մեհրաբյանը:

Ռուսաստանյան Դաշնության աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը, իր հերթին, սա համարում է ինֆորմացիոն պատերազմ հակամարտող երկու երկրների միջեւ:

«Վերջին կես տարում Ադրբեջանը գնել է հարձակողական տիպի մի շարք հրթիռներ, որոնց հեռահարությունը 100-ից մինչեւ 350 կիլոմետր է, իսկ դա շատ մեծ վտանգ է Հայաստանի պաշտպանունակությանը: S-300 հրթիռը` դա ուղղված է հենց նման տեսակի հարձակողական ադրբեջանական հրթիռներից պաշտպանելու Հայաստանի տարածքը: Ադրբեջանը հայտարարեց` իրենք գնել են հրթիռներ հարձակողական, Հայաստանն էլ հայտարարում է` մենք էլ ունենք հակաօդային պաշտպանության համակարգեր», - նշեց Սարգսյանը:

Ընդ որում, նրա համոզմամբ, այս ինֆորմացիոն պատերազմում Հայաստանը գոնե առայժմ տանուլ է տալիս. - «Ես կարծում եմ, պաշտպանության նախարարի արածը ուշացած էր, բայց գոնե փորձում է հավասարակշռությունը պաշտպանել: Որովհետեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ, շատ մեծ բացթողումներ ունի հենց քարոզչական դաշտում»:

S-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգը նախագծվել է Խորհրդային Միությունում` 1970-ականների վերջին, եւ մինչ օրս բազմիցս կատարելագործվել է: Համակարգի ռադարները մինչեւ 200 կլիոմետր հեռավորության վրա կարող են հետապնդել եւ որսալ միաժամանակ 100 թիրախ:

Հայկական եւ ռուսական զինված ուժերը համատեղ են իրականացնում Հայաստանի օդային պաշտպանությունը:

Արայիկ Սարգսյանը եւս մեկ դիտարկում արեց. - «Այդ հրթիռները կոնկրետ ռազմական թատերաբեմում չի կիրառվել, դա միայն կիրառվել է փորձադաշտում, ուսումնական փորձադաշտում` սա շատ կարեւոր հանգամանք է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG