Մատչելիության հղումներ

Տոմաշ Պորեբան հանդիպել է Հայաստանի ղեկավարության հետ


Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային երեկ ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում Տոմաշ Պորեբայի այցը Երեւան եւ Ստեփանակերտ, որը, նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների եւ տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարեւոր է:

«Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուր մոտեցում, ի վերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եվ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու», - ասել է Սերժ Սարգսյանը:

Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաեւ Ղարաբաղ այցելության կարեւորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի:

«Ես օգտակար տեղեկություններ ստացա եւ տեղում տեսա ու զգացի իրավիճակը: Այդ ամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Տոմաշ Պորեբան:

Հայաստանի արտգործնախարարի եւ Եվրախորհրդարանի պատգամավորի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստան - ԵՄ խորհրդի եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման արդյունքներին, ինչպես նաեւ Հայաստան - Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, Ղարաբաղյան գործընթացին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Եվրախորհրդարանի պատգամավորը ներկայացրել է Ղարաբաղի կատարած այցելությունից եւ Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպումներից իր տպավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG