Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 21-ի մամուլ


Մամուլի ուշադրության կենտրոնում են մնում Հանրապետական կուսակցության քսանամյակին նվիրված հավաքում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի դրույթները:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Նախագահի ելույթը վերջակետ դրեց ՀՀԿ-ԲՀԿ իբր գոյություն ունեցող տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին: Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով. - «Տարաձայնությունների հարց չկա: Մենք ասում ենք` կան ուժեր, որոնք արդեն այսօր հայտարարում են, թե մեզ հետ են, եւ հաջորդ նախագահական ընտրություններում պաշտպանելու են մեր թեկնածուին, եւ հաշվարկները կառուցում ենք` նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով: Հանրապետականը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկում է որպես մեկ ամբողջություն, եւ մեր կառույցներն այսօրվանից պատրաստվում են ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններին: Իսկ եթե կան քաղաքական ուժեր, որոնք չեն շտապում հայտարարել այդ մասին, ապա դա իրենց իրավունքն է: Մենք որեւէ մեկի, առավել եւս կոալիցիոն գործընկերների հետ վերջնագրերի լեզվով չենք խոսում»:

Այլ մոտեցում ունի «Երկիր»-ը. - «Կարելի է եզրակացնել, որ նախագահը ԲՀԿ-ին առաջարկում է խորհրդարանական ընտրություններին գնալ առանձին` «առողջ մրցակցություն» տրամաբանությամբ, մոտավորապես այնպես, ինչպես մեկուկես տարի առաջ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Բայց դրա փոխարեն ԲՀԿ-ն պետք է խաղի կանոնների շրջանակներում գործի նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց դրա փոխարեն ԲՀԿ-ն պետք է խաղի կանոնների շրջանակներում գործի նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն` համաձայնի նախագահական ընտրություններին գնալ միասնական թիմով: Եվ երբ հանրապետության նախագահը հայտարարում է ԲՀԿ-ի հետ ոչ թե վերջնագրերի, այլ պահանջի լեզվով խոսելու մասին, կարող է հենց այսպիսի սցենարը նկատի ունենալ: Միակ հարցն այն է, թե արդյո՞ք այս մոտեցումը ենթադրում է, որ ԲՀԿ-ն հընթացս պետք է հրապարակավ հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում անվերապահ պաշտպանելու մասին: Դա արդեն հստակ վերջնագիր է, որովհետեւ ենթադրում է կոնկրետ հետեւանքներ: Օրինակ` կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու տեսքով: Այս տեսակետից Ծառուկյանն իսկապես ծանրագույն խնդրի առջեւ է կանգնում»:

Նույն խնդրի շուրջ «Ժամանակ»-ի վերլուծաբանը ասում է. - «Երկու-երեք տարի շարունակ Սերժ Սարգսյանը փորձեց ելք որոնել 2008 թվականի այն ցանցից, որի մեջ նրան դրել էր Ռոբերտ Քոչարյանը: Ելքը կլիներ միայն այն, որ Սերժ Սարգսյանը ձեւավորեր իր իշխանությունը: Անցած ժամանակահատվածում նա հենց միայն այն էր անում, որ փորձում էր ընդամենը չհանձնվել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը: Այդ հարցը նա, ըստ ամենայնի, կարողացավ լուծել, գոնե կարճաժամկետ առումով: Բայց լուծումը ամրապնդելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` սեփական իշխանության ձեւավորումը: Բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում համաշխարհային ասպարեզում: Այստեղ իրադարձությունները զարգանում են բավական հետաքրքրական սցենարներով եւ շատերի համար կարծես թե հասունանում է անկեղծության պահը, որի առումով զգալի դերակատարում եւ էֆեկտ ունեցան WikiLeaks-ի հայտնի հրապարակումները: Դրանք մասնավորապես Հայաստանի մասով պարունակում էին բավական լուրջ տեղեկություններ` կապված Իրանին զենքի վաճառքի հետ: Հետեւաբար այդ գործում չտուժելու համար Սերժ Սարգսյանը հնարավորինս պետք է փորձի տարանջատվել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից եւ ձեւավորի իրենը, միջազգային հանրությանը համոզելու համար, որ ինքը բոլորովին այլ իշխանություն է եւ լինելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության հենասյուներից մեկը` իրականում «երազել» է բոլորովին այլ որակի իշխանության մասին»:

«168 ժամ»-ը անդրադառնում է Սերժ Սարգսյանի ելույթի մեկ այլ դրույթի. - «Իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանը թիկնապահներին օրինական դաշտ բերելու կարեւոր պատճառ ունի: Խոսվում է, որ որոշ պատգամավորներ ու օլիգարխներ այնքան են հզորացրել իրենց թիկնազորային խումբը, որ այն լուրջ սպառնալիք է դարձել նաեւ միմյանց համար: Օրինակ էին բերում իրենց որոշ գործընկերներին` պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ այլոց` նշելով, թե նրանք ունեն հարյուրների հասնող թիկնապահների ծառայություն: Վերջերս նկատելի դարձած ներկոալիցիոն լարվածության պայմաններում ոմանք հասկացել են, որ այդ խմբերը կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն հասարակության, այլեւ իշխանության համար` իշխանական տարբեր թեւերի առճակատումների դեպքում»:

«Իրատես de facto»-ի թղթակիցը Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանին հարցնում է. - «Հաճախ ենք լսում, թե ՀՀԿ-ի նույնիսկ վերին օղակներում կան մարդիկ, ովքեր Նժդեհից մի գիրք էլ չեն կարդացել»: Պատգամավորը արձագանքում է. - «Չեմ կարծում, որ մեծ անհրաժեշտություն կա խիստ գաղափարականացնելու կուսակցության շարքեր մտնելու գործընթացը, որովհետեւ երբեմն կուսակցությանն անդամագրվում են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ում գործիչների են տեսնում, ում հավատում են: Իսկ նրանք, ովքեր Նժդեհի գաղափարակիրն են, առաջնորդվում ու գործում են ազգային գաղափարները կրողին վայել աշխատաոճով: Այս ամենում արտառոց ոչինչ չեմ տեսնում, ավելին, կարծում եմ, որ մեր գաղափարախոսությունն այնքան պարզ չէ, որ յուրաքանչյուրը կարողանա խորապես հասկանալ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG