Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը «հերթական հետքայլ» է որակում «Ա1+»-ին լիցենզիա չտրամադրելը


Human Rights Watch-ի լոգոն
Human Rights Watch-ի լոգոն
Հայաստանը մերժեց հեռարձակման արտոնագիր տրամադրել անկախ հեռուստատեսությանը` «Ա1+»-ին, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի` նախկին մերժումները խախտել են արտահայտվելու ազատությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Human Rights Watch-ը:

«Այսօրվա որոշումը հերթական հետքայլն է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության համար Հայաստանում», - ասել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան:

«Հստակ է, որ քննադատին եթեր չթողնելը ավելի կարեւոր է այս կառավարության համար, քան իր միջազգային իրավական պարտավորությունները», - եզրակացրել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը:

«Մինչեւ «Ա1+»-ը եթերում չլինի` բոլոր միջազգային կազմակերպությունները Հայաստանը գնահատելու են ոչ ազատ, կամ մասնակի ազատ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրն ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը բացարձակապես անակնկալ չէր: Ես վստահ էի, որ իշխանությունը այս կամ այն պատրվակով մերժելու էր «Ա1+»-ի հայտը», - հայտարարեց Արամ Աբրահամյանը` ընդգծելով, թե 13-րդ մերժումը նախորդներից տարբերվեց իր ձեւաչափով:

«Այս անգամ կիրառվել է, իմ կարծիքով, վիրավորանքի, հերյուրանքի, զրպարտանքի ձեւով: Բայց, բնականաբար, դա իրավական խնդիր է, եւ այդ իրավական խնդիրը պետք է լուծեն թե՛ «Ա1+»-ի սեփականատերը, եւ թե՛ այն մարդիկ, որոնց Ամալյանը «մեռյալ հոգիներ» է հայտարարել», - հավելեց «Առավոտ»-ի խմբագիրը:

«Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք արդեն դիմել են ՀՌԱՀ-ին մերժման հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը տրամադրելու պահանջով, եւ ստացել են գրավոր պատասխան, որ ՀՌԱՀ-ը փաստաթղթերը կտրամադրի 2011 թվականի հունվարի 20-ից հետո:

ՀՌԱՀ-ի կայացրած որոշումը դատական բոլոր ատյաններում` ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան, պատրաստվում է բողոքարկել նաեւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը, ով այսօր հրավիրած ասուլիսում հանձնաժողովի որոշումը որակեց «ակնհայտ անարդար» եւ «քաղաքական»:

«ՀՌԱՀ-ի 4 անդամները, որոնք ընտրվել են Ազգային ժողովի կողմից եւ «0» են գնահատել «Ա1+»-ի մրցութային փաթեթը, պետք է բացատրություններ տան Ազգային ժողովում իրենց գնահատականի համար», - այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` կոչ անելով խմբակցություններին հանդես գալ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ` քննարկելու համար ՀՌԱՀ-ի վերջին որոշումը:

XS
SM
MD
LG