Մատչելիության հղումներ

Economist Intelligence Unit. Հայաստանը` կրկին «հիբրիդային ռեժիմների» շարքում


 Economist Intelligence Unit-ի «Ժողովրդավարության ցուցիչ - 2010»-ը
Economist Intelligence Unit-ի «Ժողովրդավարության ցուցիչ - 2010»-ը

Աշխարհի 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 109-րդ տեղում է: Սա են վկայում չորեքշաբթի օրը Lոնդոնում Economist հանդեսի վերլուծական հավելվածի հրապարակած հերթական հետազոտության արդյունքները:

Economist Intelligence Unit-ը աշխարհում ժողովրդավարության մակարդակին վերաբերող իր ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում է երկու տարին մեկ: Վերջին անգամ Economist-ի վերլուծաբանները նման զեկույց էին հրապարակել 2008 թվականի տարեվերջին:

Նախորդ զեկույցի համեմատ` Հայաստանը իր դիրքերը բարելավել է 4 կետով: Կոնկրետ ցուցանիշների առումով, սակայն, Հայաստանում 2008-ի համեմատ որեւէ բարելավում բրիտանացի մասնագետները չեն արձանագրել. ինչպես եւ 2008-ին` այժմ էլ Հայաստանում չափազանց ցածր է թե' քաղաքական մշակույթի մակարդակը եւ թե' կառավարման համակարգի արդյունավետությունը:

Հայաստանի դիրքերը բավական խոցելի են նաեւ այսպես կոչված «քաղաքական ներգրավվածության» ոլորտում: Այստեղ տիրող կացությունը որոշելու համար Economist-ը մի շարք ցուցանիշներ է հաշվի առնում` ընտրություններին քվեարկողների մասնակցության մակարդակից մինչեւ կանանց ներկայությունը խորհրդարանում եւ շարքային քաղաքացիների` ազատորեն ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:

Միջինից ցածր է գնահատված նաեւ հայաստանյան ընտրական համակարգի վիճակը:

Միակ ոլորտը, որը Economist Intelligence Unit-ի կողմից համեմատաբար բարձր է գնահատել, քաղաքացիական ազատությունների մակարդակն է: Բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանի ցուցանիշները հեռու են աշխարհի առաջատար պետություններից` Հայաստանը այստեղ Վենսուելայի եւ Մալազիայի հետ նույն մակարդակի վրա է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը զեկույցի հեղինակների կողմից կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» թվին: Այս տիպի պետություններում տիրող իրավիճակին Economist-ը հետեւյալ ամփոփ բնութագիրն է տալիս. - «Կառավարման նման համակարգերի առկայության դեպքում ընտրությունները, որպես կանոն, զգալի թերություններ են ունենում, ինչն անհնար է դարձնում դրանց որակումը որպես ազատ եւ արդար: Տարածված երեւույթ է կառավարության կողմից ընդդիմադիր կուսակցությունների եւ թեկնածուների դեմ ճնշումների կիրառումը: Կոռուպցիան հիբրիդային ռեժիմներում լայն տարածում ունի, իսկ օրենքի իշխանությունը շատ թույլ է: Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, իսկ դատական համակարգը անկախ չէ»:

Economist-ի վերլուծական հավելվածի համաձայն` «հիբրիդային ռեժիմների» թվին են դասվել նաեւ Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Ադրբեջանն ու Իրանը զեկույցի հեղինակների կողմից բնութագրվել են որպես «կառավարման ավտորիտար համակարգ ունեցող պետություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG