Մատչելիության հղումներ

Հայաստան-Եվրամիություն բանակցությունները շարունակվում են


Հայաստանի արտգործնախարարությունում չորեքշաբթի օրը կայացավ Հայաստան - Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը, որին մասնակցում էին Հայաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ Եվրոպական տարբեր կառույցների պաշտոնյաներ, Երեւանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպաններ:

Բանակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

«Եվրամիության կողմից պահանջվող բարեփոխումների իրագործման մասին ոչինչ ասել չեմ կարող, սակայն մենք զգալի առաջընթաց ենք արձանագրում Հայաստանի հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններում», - նիստի ավարտին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵՄ Արտաքին հարաբերությունների վարչության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենրոնական Ասիայի բաժնի ղեկավար Գունար Վիգանդը:

«Ես տեսնում եմ, որ Հայաստանը շատ ավելի լավ է պատրաստված բանակցություններին, եւ այժմ նկատում ենք ոչ միայն արտգործնախարարության, այլեւ գործընթացում ընդգրկված մյուս նախարարությունների եւ գերատեսչությունների ներգրավվածությունը: Մենք շատ գոհ ենք, քանի որ սա համապարփակ նախաձեռնություն է», - նշեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ առաջընթաց է արձանագրում Հայաստանը այս տարվա հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր, Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը ասաց, թե Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ: Նրա խոսքով, մինչ այժմ բանակցությունները վարվել են 14 ուղղություններով:

«Արդեն իսկ 8 գլուխ փակվել է, որովհետեւ հիմա ոչ թե Ասոցիացման համաձայնագիրը ամբողջությամբ է քննարկվում, այլ տարբեր գլուխներ, որոնք փակվելուց հետո դառնալու են Ասոցիացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս», - նշեց փոխարտգործնախարարը` հավելելով. - «Այսօր, օրինակ, մենք բանակցում ենք քաղաքական երկխոսության, նաեւ արդարադատության, [քաղաքացիական] ազատությունների խնդիրների շուրջ»:

Կարինե Ղազինյանը կարծիք հայտնեց, որ Եվրամիությունը բանակցություններում չի կենտրոնանում միայն վիզաների պարզեցման, ազատ առեւտրի գորտու ստեղծման հարցերի վրա, այլեւ պատշաճ ուշադրություն է դարձնում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին:

Այդուհանդերձ, բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ վիզայեն ռեժիմին:

Եվրամիության պատվիրակության ղեկավարը այս կապակցությամբ տեղեկացրեց, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է հաջորդ տարեսկզբին ստանալ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատը:

«Անհրաժեշտ է հստակ տարբերակել վիզային ռեժիմի պարզեցումը եւ ազատականացումը: Պարզեցված ռեժիմ, առաջին հերթին նշանակում է վիզայի վճարի նվազեցում 60-ից 35 եվրո: Երկրորդ, դա ենթադրում է, որ կլինի քաղաքացիների դասակարգում մի քանի խմբերի` ոչ միայն դիվանագետների կամ հաճախ ճանապարհորդողների, այլեւ Եվրոպայի հետ կապեր ունեցող, երիտասարդական եւ մարզական կազմակերպությունների ներկայացուցիչների: Հուսով եմ, վիզային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները կկարողանանք ավարտել արդեն հաջորդ տարեվերջին», - հայտարարեց Գունար Վիգանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG