Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը անցկացրեց հայ - ադրբեջանական շփման գծում


ԵԱՀԿ-ի առաքելությունը երեքշաբթի օրը հերթական դիտարկումը անցկացրեց հայ - ադրբեջանական շփման գծի Բերդավան - Քյամարլի հատվածում:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցում էր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը եւ նրա գրասենյակի դաշտային օգնականները:

1.5 կմ հեռավորությունից հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ միասին ԵԱՀԿ ներկայացուցիչները 7 րոպե դիտարկեցին սահմանը: Դիտարկման ընթացքում շփվեցին ոչ թե հայկական եւ ադրբեջանական կողմերի հրամանատարները, այլ հենց ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները:

Դիտարկումից հետո Անջեյ Կասպրշիկը լրագրողներից ասաց, թե «դիտարկումը լավ անցավ, եւ այն լավ կազմակերպված էր»:

Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում տեղական, մարզային իշխանությունների հետ, որի ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց իրավիճակը` նշելով, որ հրադադարի ռեժիմը ադրբեջանական կողմը խախտում է հիմնականում բերքահավաքի ժամանակ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, այս տարի ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 7 հազար անգամ, ինչը մեկեւկես անգամ ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից:

Հայկական կողմը վստահեցնում է, որ իր կողմից խախտումները հիմնականում պատասխան են ադրբեջանական կողմի խախտումներին, ինքը առաջինը կրակ չի բացում. օրինակ, միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 190 անգամ, իսկ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ընդամենը 20 անգամ:

«Աստրախանում նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել էին, իսկ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո, ցավոք սրտի, դրանք սկսեցին աճել: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվում ծայրահեղ դեպքերում», - նշեց Անդրանիկ Մկրտումյանը:

Այս տարի հրադարադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 31 զինվորական: Քաղաքացիական անձինք այս տարի չեն զոհվել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

Անջեյ Կասպրչիկը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրականում ո՞վ է խախտում հրադադարի ռեժիմը, ասաց, որ որեւէ մեկը միանգամից եզրակացություն չի կարող անել, փաստեր եւ ապացույցներ են պետք, եւ ԵԱՀԿ-ն շարունակում է այդ ուղղությամբ աշխատել:

Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրեց, որ Կասպրշիկին առաջարկվել է հաջորդ դիտարկումը անցկացնել Չինարի գյուղի հատածում: Բացի այդ հայկական կողմը առաջարկել է անցկացնել միակողմանի դիտարկում իրավիճակը ավելի լավ գնահատելու համար, ինչին Կասպրշիկը դրական է արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG