Մատչելիության հղումներ

Թուրք քաղաքական գործիչը խոստանում է արգելել «գյավուր» բառի օգտագործումը


«Իշխանության գալու դեպքում մեր կուսակցությունը կարգելի «գյավուր» [անհավատ] նվաստացուցիչ արտահայտության օգտագործումը», - «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ամենահայտնի իսլամիստ քաղաքական գործիչներից Նուման Քուրթուլմուշը Ստամբուլի Յեդիկուլե թաղամասում գտնվող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց այցի ընթացքում:

Քուրթուլմուշը Թուրքիայի քաղաքական դաշտի իսլամիստական հատվածի վետերաններից է: Նախկինում նա անդամակցում էր երկրի առաջին իսլամիստ վարչապետ Նեջմեթին Էրբաքանի ղեկավարած «Բարօրության» կուսակցությանը:

Այսօր Քուրթուլմուշը «Ժողովրդի ձայն» կուսակցության առաջնորդն է: Քաղաքական վերլուծաբաններն այս կուսակցությունը բնութագրում են որպես ձախ իսլամիստական:

Կուսակցապետի այցին հայկական հիվանդանոց հետեւել է նաեւ «Հյուրիեթ»-ի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Սա ձախակողմյան կուսակցություն է, որի անդամները, ինչպես եւ մյուսները, այցելում են հիվանդանոց: Այստեղ է եղել նաեւ վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը: Եվրամիության հետ կապված վերջին զարգացումների ֆոնին քաղաքական ուժերը հետաքրքրություն են ցուցաբերում փոքրամասնությունների հանդեպ, փորձում են կապեր հաստատել: Պետք է նշել, որ հանրապետութան ողջ շրջանում այդ կապերը խզված էին: Միայն մի քանի տարի է, ինչ փորձ է կատարվում վերականգնել այդ շփումները»:

Հայկական հիվանդանոցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում թուրք քաղաքական գործիչը հանդես է եկել հստակ խոստումներով:

«Երբ մենք գանք իշխանության, բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, որպեսզի ապահովվի Սահմանադրության այն դրույթը, ըստ որի Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներով են օժտված», - նշել է Նուման Քուրթուլմուշը:

Թուրք քաղաքական գործիչը հանդիպել է նաեւ պոլսահայ համայնքի առանցքային ներկայացուցիչներից մեկի` «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլույի հետ: Վերջինս նշել է. - «Հուսով եմ, որ իշխանության գալու դեպքում պարոն Քուրթուլմուշի ղեկավարած «Ժողովրդի ձայն» կուսակցությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ կունենա նույն մոտեցումը, ինչ իշխող «Արդարություն եւ զարգացում»-ը»:

Հանդիպման ընթացքում Հայոց ցեղասպանության թեմային կողմերը շատ հպանցիկ են անդրադարձել: Նուման Քուրթուլմուշը, դիմելով ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչներին, միայն ասել է. - «1915 թվականի իրադարձությունները, ինչպես նաեւ 1955 թվականի Ստամբուլի ջարդերը ցավալի իրադարձություններ էին եւ սադրանքի արդյունք էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG