Մատչելիության հղումներ

Առողջապահության համավճարի համակարգը փորձնականից կդառնա համատարած


Այս տարի երեւանյան որոշ հիվանդանոցներում ներդրված համավճարի փորձնական համակարգը եկող տարվանից կտարածվի երկրի բոլոր բուժ հաստատություններում եւ արդեն կգործի պարտադիր:

Համավճարը, ինչպես ներկայացնում են առողջապահության ոլորտի պաշտոնյաները, նպատակ ունի բուժաշխատողներին տրվող կողմնակի գումարները` այսպես կոչված մաղարիչները, ստվերից բերել հիվանդանոցի գանձարան: Սակայն այս մուծումները տարածվելու են նաեւ պետպատվերով անվճար բուժվող հիվանդների վրա:

Այս տարվա հուլիսի 1-ից համավճարի փորձնական փուլը մեկնարկեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Կառավարության դրական գնահատականից հետո` դեկտեմբերի 1-ից, այն ներդրվեց նաեւ «Նաիրի» բժշկական եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոններում։ Պետպատվերի ցանկում ընդգրկված անհետաձգելի համարվող հիվանդությունների բուժման գումարի մի մասը պետք է վճարի հիվանդը, իսկ մյուս մասը` պետությունը:

2011-ից համավճարը կկիրառվի նաեւ անհետաձգելի բուժօգնության ու գինեկոլոգիական ծառայությունների նկատմամբ։ Սակայն անվճար կլինեն մինչեւ 7 տարեկան երեխաների բուժծառայությունները, ինչպես նաեւ ծննդօգնությունը: Համավճարը չի տարածվի նաեւ սոցիալապես անապահով խմբերի վրա:

XS
SM
MD
LG