Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են ազատ արձակել Փաշինյանին


Հայաստանի ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ երեքշաբթի օրը համատեղ հայտարարություն են տարածել, որով իշխանություններից պահանջում են ազատ արձակել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

«Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները», - ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նաեւ պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանություններն ապահովեն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին եւ արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ:

«Մենք նաեւ պահանջում ենք ՀՀ իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի», - եզրափակում են հայտարարության հեղինակները:

Հայտարարությունը բաց է ստորագրության համար: Այն արդեն ստորագրել են 26 կազմակերպություններ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG