Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանը չի ակնկալում մինչեւ տարեվերջ բոլոր ընդդիմադիրների ազատ արձակում


Արամ Կարապետյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքին, Երեւան, 12-ը հունիսի, 2010թ.
Արամ Կարապետյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքին, Երեւան, 12-ը հունիսի, 2010թ.

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը այն կարծիքին չէ, որ մինչեւ տարեվերջ ազատ կարձակվեն 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված բոլոր ընդդիմադիր գործիչները:

«Որ պրոցեսը այդ կողմ է գնում` դա փաստ է, բայց բոլորին` չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հետ կապված խնդիրներ եմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը` մանրամասնելով. - «Կարծում եմ, հիմնականում դա կապված է այն գործունեության հետ, որը, իրենց [իշխանությունների] կարծիքով, իրենք ունեցել են 2008 թվականի փետրվար-մարտյան ընթացքի մեջ. փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ամենալավ հռետորներից մեկն էր, որը ժողովրդին ոգեւորում էր, եւ փաստ է, որ չընկրկեց, իսկ Սասուն Միքայելյանը` նրան համարում են, որ զենք-զինամթերք, ինչ-որ պատրաստվածություն, «Երկրապահ»-ի ինչ-որ մասի առանձնացում եւ այլն ...»:

«Նոր ժամանակներ»-ի առաջնորդի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը այն մարդիկ են, որոնցից իշխանությունը վախենում է:

«Իսկ ինչի՞ արդյունքում կարող են ազատ արձակվել մյուսները», - այս հարցին Արամ Կարապետյանը արձագանքեց. - «Բոլոր տիպի ճնշումները կան: Պարզ է, որ Հայաստանը արդեն մտնում է ընտրական գործընթացների մեջ` լինեն արտահերթ թե հերթական, եւ պարզ է` աշխարհը հասկանում է, որ նմանատիպ բեռով շարունակել առաջ շարժվել անհնար է»:

«Ավելացնեմ, որ Աստանան [ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղի շուրջ զարգացումները] հիմա ցույց տվեց հստակ, որ Հայաստանի դիրքերը եւ Ադրբեջանի դիրքերը` Ղարաբաղյան հանգուցալուծման հետ կապված, գնալով ավելի մոտենում են ռազմական հռետորականությանը եւ գործողություններին: Այդ պարագայում ներսում չունենալով ինչ-որ տիպի, ձեւի, գոնե թվացյալ նույնիսկ միություն, համերաշխություն` շատ բարդ կլինի դա անել արտաքին դաշտում», - ընդգծեց «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը:

Ըստ Կարապետյանի, իշխանությունը այս պահին ձեւեր է որոնում` ազատ արձակելու ընդդիմության ներկայացուցիչներին: «Որոշ դեպքերում կարող է լինել վաղաժամկետ, որոշ դեպքերում դա կլինի, ինչքան ես գիտեմ, փոփոխություններով, որոնք արվելու են Քրեական օրենսգրքում եւ պատժաչափերը ուղղակի որոշակի գործողությունների համար նվազեցվելու են», - նշեց նա:

Հարցին, թե այդ նույն գործոնները չե՞ն կարող նպաստել նաեւ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, Արամ Կարապետյանը պատասխանեց. - «Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ընտրել է հետեւյալ տարբերակը` քանի որ խորհրդարանական ընտրությունները առջեւում են, ինքը պատանդի ձեւով ուզում է որոշներին պահի, բանակցի Հայ ազգային կոնգրեսի հետ, ինչ-որ ձեւով այդ բանակցությունների շրջանակում փորձի կիսել ապագա խորհրդարանի ներկապնակը` ում ինչքան տա, ինչ ձեւով, եւ դրանից հետո արդեն ինքը` որպես հաղթած ուժի ղեկավար, գնա նախագահական ընտրությունների»:

Այդ ամենի տրամաբանությունը այն է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է 2013 թվականին վերընտրվել երկրի նախագահի պաշտոնում, կարծում է «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG