Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը այցելում է Լեհաստան


Դմիտրի Մեդվեդեւը Կրակովում մասնակցում է Լեխ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ հոգեհանգստյան արարողությանը, 18-ը ապրիլի, 2010թ.
Դմիտրի Մեդվեդեւը Կրակովում մասնակցում է Լեխ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ հոգեհանգստյան արարողությանը, 18-ը ապրիլի, 2010թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Լեհաստան` երկիր, որի հետ Կրեմլի հարաբերությունները լարված են եղել տեւական ժամանակ` հատկապես Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կատինում լեհ զինվորականների գնդակահարման շուրջ տարաձայնությունների ու տնտեսական խնդիրների պատճառով։

«Պաշտոնական Վարշավան հույս ունի, որ երկարատեւ ընդմիջումից հետո Ռուսաստանի նախագահի առաջին այցը Լեհաստան կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը», - այցից առաջ հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։

Ընդգծելով տարաձայնությունները հարթելու եւ հարաբերությունների սառույցը ջարդելու պատրաստակամությունը, պաշտոնական Վարշավան, միաժամանակ, չի թաքցնում, որ շարունակելու է արծարծել Կատինի ողբերգության թեման` ամենաբարձր մակարդակով։ «Պատմական առումով այս հարցը Լեհաստանի համար շարունակում է առանցքային մնալ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն` հավելելով. - «Պաշտոնական Մոսկվայի համոզմամբ, այդուամենայնիվ, համատեղ անցյալի էջերը չպետք է բացասական ազդեցություն ունենան, առավել եւս` բեռ դառնան ներկա եւ ապագա հարաբերությունների վրա»։

Անցյալի բեռը թոթափելու համար Ռուսաստանի Պետդուման Մեդվեդեւի այցից շաբաթներ առաջ հատուկ հայտարարություն ընդունեց Կատինի ողբերգության վերաբերյալ, որով ավելի քան 20 հազար լեհ զինվորականների գնդակահարման պատասխանատվությունը դրեց Ստալինի ու նրա ղեկավարած վարչակազմի վրա։ Ավելին, նախագահի այցի նախօրեին` անցած շաբաթավերջին, Ռուսաստանը Լեհաստանին հանձնեց Կատինի ողբերգության վերաբերյալ նոր արխիվային փաստաթղթեր` խոստանալով շարունակել պատմական վավերագրությունների բացահայտումը:

Ակնկալվում է, որ բանակցություններում նախագահները կանդրադառնան նաեւ Սմոլենսկի մարզում այս տարվա ապրիլին տեղի ունեցած ողբերգությանը` Լեհաստանի նախագահական օդանավի վթարին, որի արդյունքում զոհվեցին նախագահ Լեխ Կաչինսկին, երկրի առաջին տիկինը եւ վարչակազմի ավելի քան 90 ներկայացուցիչ:

«Ռուսական կողմը ամեն կերպ համագործակցում է Լեհաստանի իշխանությունների հետ` ավիաղետի պատճառներն ու մանրամասները պարզելու գործում», - ասել է նախագահ Մեդվեդեւի օգնականը եւ հավելել. - «Երկու երկրների նախագահները մտադիր են տեղեկություններ փոխանակել քննության առանցքային հարցերի շուրջ եւ քննարկել զոհերի հիշատակը համատեղ եւ ըստ արժանվույն հավերժացնելու հնարավորությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG