Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. «Ստատուս քվոն ձեռնտու է բոլորի համար»


Հայ զինվորները ծառայություն են իրականացնում շփման գծում:
Հայ զինվորները ծառայություն են իրականացնում շփման գծում:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ, Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը ցույց տվեց, Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է բոլորին:

Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Բաբայանը նշեց, թե արդեն իսկ կանխատեսելի էր, որ Աստանայում Ղարաբաղի հարցով որեւէ բերկում չի արձանագրվելու:

Դրա պատճառները, նրա խոսքով, երկուսն են. նախ, գերտերությունները չունեն ընդհանուր մոտեցում մեր տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, երկրորդն ու ամենակարեւորը` Ղարաբաղի հարցում կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի եւ ունեն միանգամայն իրարամերժ մոտեցումներ, ինչով էլ պայմանավորված է այն, որ Աստանայում չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Հակամարտության կարգավորման հարցում, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի, խնդիր է առաջացնում նաեւ այն, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին:

Այս ամենը, Բաբայանի համոզմամբ, վկայում է, որ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է բոլորի համար, ինչը վառ կերպով դրսեւորվեց Աստանայում:

«Նման իրավիճակում, հաշվի առնելով, որ կարող են լինել անկանխատեսելի հետեւանքներ, հավասարակշռվածության փոփոխությանն ուղղված ցանկացած քայլի դեպքում բոլորի համար ձեռնտու է պահպանել այն, ինչ կա», - ասաց Բաբայանը:

Հարցին, թե ստատուս քվոն արդյոք ձեռնտու է նաեւ Ղարաբաղի համար, նա արձագանքեց. - «Մենք մեր հարցը արդեն լուծել ենք: Մենք հարց չունենք Ադրբեջանի հետ: Նրանք ունեն: Եթե նրանք ուզում են այդ հարցերը կարգավորել, ուրեմն առաջին հերթին պետք է մեզ հետ բանակցեն», - հավելեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով Աստանայի գագաթնաժողովի արդյունքներին եւ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանի նախագահի ելույթը, որտեղ Սարգսյանը հստակ ընդծեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուներ «կարեւորագույն քաղաքական նշանակություն»:

Մկրտչյանի համոզմամբ, քանի դեռ Ադրբեջանը պատրաստակամություն չի հայտնել Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմից դուրս, Հայաստանը «որեւէ բանի մասին խոսելու իրավունք չունի»:

«Մադրիդյան սկզբունքներում տարածքների խնդիրը հստակեցնել չի կարելի` քանի դեռ չի լուծված կարգավիճակի հիմնահարցը: Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը Աստանայում, ըստ էության, դրեց ամենակարեւորագույն հիմնահարցը` անվտանգության երաշխիքը Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի գոյությունն է», - ասաց Մկրտչյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, ներկայացնելով ընդդիմադիր դաշինքի դիրքորոշումը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Աստանայում Հայաստանը վերահաստատել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդում տված իր համաձայնությունը` կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` այս անգամ արդեն նախագահների մակարդակով»:

«Մենք ուղիղ մեկ տարի առաջ արված հայտարարության մեջ արդեն տվել ենք մեր գնահատականները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են մնում», - հավելեց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի այդ հայտարարության մեջ, հիշեցնենք, նշվում էր, որ «Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տվել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG