Մատչելիության հղումներ

Առողջապահության նորանշանակ փոխնախարարը Գալուստ Սահակյանի որդին է


ՀՀԿ-ի փոխնախագահ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ առողջապահության նախարարության կրթության, գիտության եւ անձնակազմի կառավարման վարչության արդեն նախկին պետ Տիգրան Սահակյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար: Տիգրան Սահակյանը իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ավագ որդին է:

Առողջապահության նախարարությունում կադրային այս փոփոխությունները, հիշեցնենք, հաջորդեցին առողջապահության եւ կրթության բնագավառներում կոռուպցիայի խորացման մասին վարչապետ Սարգսյանի հայտարարություններին, ով պահանջեց ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ՝ սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտված նախարարի տեղակալներով: Օրեր անց առողջապահության երկու անկուսակցական փոխնախարարները` Աբրահամ Մանուկյանն ու Թաթուլ Հակոբյանը հրաժարական տվեցին: Հրաժարական ներկայացրեց նաեւ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, հանրապետական Գագիկ Սայադյանը, եւ շուտով նշանակվեց Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:

Նորանշանակ փոխնախարար Տիգրան Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը վաղուց է անդամակցում Հանրապետական կուսակցությանը:

Հարցին, թե ազդել է արդյոք իր կուսակցական գործունեությունը նշանակման վրա Սահակյանը պատասխանեց. - «Կուսակցությունը իր ուրույն դերը ունի նշանակման մեջ: Բայց կոնկրետ իմ նշանակումը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ դա իմ գործն է եղել, իմ մասնագիտությունն է եղել: Ես բավականին երկար տարիներ աշխատում եմ այդ ոլորտում: Այդ ոլորտի ե'ւ թերությունները գիտեմ, ե'ւ լավ կողմերը գիտեմ»:

Նա նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին վաղուց է ճանաչում, բայց ընկերական հարաբերություններ չի ունեցել:

Իսկ հարցին, թե իր հայրը՝ Գալուստ Սահակյանը դեր խաղացել է իր նշանակման գործում, նորանշանակ փոխնախարարը արձագանքեց. - «Միանշանակ լավ ծնողը իր երեխաների, իր որդիների համար չի կարող դեր չխաղալ կյանքում»:

Տիգրան Սահակյանը չհամաձայնեց, որ առողջապահության բնագավառում խոշոր մասշտաբների կոռուպցիա գոյություն ունի: Հարցին, թե ինչպես է պայքարելու կոռուպցիայի դեմ, նորանշանակ փոխնախարարը պատասխանեց. - «Կոռուպցիայի դեմ ամբողջ պետությունն է պայքարում այսօր: Միանշանակ ես միայնակ ոչինչ չեմ կարող անել: Կոռուպցիան դա վազող կենդանի չէ կամ երգող ապարատ չէ, որ գնամ անջատեմ, կամ այդ կենդանուն բռնեմ եւ կոռուպցիան վերանա»:

Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր որդին «ինքնուրույն է հարթել մասնագիտական ճանապարհը». - «Ես համոզված եմ, որ նրա աշխատանքային արդյունքները բարձր կլինեն»:

Առողջապահության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հարություն Քուշկյանն այժմ ունի 4 տեղակալ: Նրանցից երեքն անդամակցում են ՀՀԿ-ին, մեկը՝ անկուսակցական է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG