Մատչելիության հղումներ

Արտավազցիները շարունակում են բողոքի ակցիաները


Armenia -- Land-owners of Artavaz village protest government decision to confiscate their lands, Yerevan, 22Nov2010
Armenia -- Land-owners of Artavaz village protest government decision to confiscate their lands, Yerevan, 22Nov2010

Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մի խումբ բնակիչներ այս երկուշաբթի եւս հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել իրենց հողերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը:

«Թաթերդ հեռու ժողովրդի ունեցվածքից» եւ «Սասուն» վանկարկումներով հրազդանցիները այսօր եկել էին մեկ շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակի պատասխանը ստանալու:

Հավաքվածները պահանջում են վերանայել այս տարվա փետրվարի 25-ին Կառավարության կայացրած որոշումը, ըստ որի,Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 85 հեկտարից ավելի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հանրային գերակա շահ էին ճանաչվել եվ փոխանցվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը` քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու նպատակով: Գերակա շահ ճանաչված հողամասերի մեջ է հայտնվել նաեւ 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին պատկանող 1.5 հեկտար տարածքը, որը Միքայելյանին էր տրամադրվել մի քանի տարի առաջ` փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու համար:

Գյուղացիների պնդմամբ` «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությունը պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը` Գագիկ Աբրահամյանին, որն արաբ գործընկերոջ հետ է կառուցելու գործարանը: Ավելի վաղ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր հերքել նրանց պնդումները:

Այժմ մոտ երեք տասնյակ սեփականատերեր, որոնց թվում նաեւ Սասուն Միքայելյանը, կառավարության որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում:

Այսօր կառավարությունից պատասխան չստացվեց, փոխարենը, հավաքվածների մոտ դուրս եկած գործադրի դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մի հեռախոսազանգ ստացավ, որից հետո ակցիայի 3 մասնակցի հրավիրեց կառավարություն` հանդիպելու պաշտոնյաններից մեկի հետ:

Մինչ այդ նա տեղեկացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարական է տվել Էկոնոմիկայի նախարարությանը քննարկել նամակն ու պաշտոնական պատասխան ներկայացնել, որին անհրաժեշտ է սպասել առաջիկա տաս օրերին:

Ինչպես տեղեկացրեց բողոքի ակցիայի կազմակերպիչ, լրագրող Թագուհի Թովմասյանը, իրենց հետ զրուցել է Կառավարության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարչի Լիաննա Հունանյանը:

«Իրենց բացատրությունը այն է, որ ավելի շատ աշխատատեղ է լինելու եւ սոցիալական խնդիր է լուծվելու, բայց ես ասացի, որ այստեղ առաջին հերթին կա բարոյական խնդիր: Սասուն Միքայելյանից եւ գյուղացիներից, որոնց սեփականության իրավունքը գերակա է, որեւէ մեկն իրավունք չունի սեփականության իրավունքը խլելու: Ես նաեւ ասացի, որ սա քաղաքական հարց է, որովհետեւ եթե Սասուն Միքայելյանը բանտում չլիներ, Արա Աբրահամյանը չէ, ով ուզում է ներկայանար, նրանից որեւէ մեկը հող չէր կարող խլել», - ասաց Թովմասյանը:

Գյուղացիները պնդում են, որ Հրազդանում եղել են ջրից թունավորման դեպքեր, սակայն «այդ հարցը գերակա չեն համարում, բայց մեկ բիզնեսմենի շահը կառավարության համար մարդկանց ունեցվածքը գերակա հարց ճանաչելու հիմք է դարձել»:

Բողոքի ակցիայի մասնակիցները վերջում ցրվեցին` 10 օրից հավաքվելու եւ պատասխան ստանալու ակնկալիքով:

«Ես ինչքան հասկացա, պատասխանը լինելու է բացասական, որովհետեւ իրենց համար շեյխը ավելի գերակա է: Մենք հաջորդ ակցիան արդեն անելու ենք նախագահական նստավայրի դիմաց` պարբերաբար կրկնող ակցիաներ, որպեսզի թույլ չտանք, որ որեւէ մեկից հող խլեն», - Թովմասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG