Մատչելիության հղումներ

Վարչապետը բարոյական ճնշում է գործադրել գյուղնախարարության պաշտոնյային աշխատանքից հեռացնելու հարցում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը (աջից) եւ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը (աջից) եւ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը ընդունում է, որ գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի տեսչության պետի աշխատանքից հեռացնելու փաստը նաեւ վարչապետի կողմից բարոյական ճնշման հետեւանք է:

«Բարոյական ճնշում չի կարող ընդհանրապես չլինել: Մեզանից յուրաքանչյուրն էլ, երբ որ ընդհանուր գործ անելու առումով իր գործընկերոջից որեւէ մոտեցում, կարծիք, տեսակետ լսում է, բնականաբար, դա չի կարող ինչ-որ չափով չանդրադառնալ, առավել եւս, երբ խոսքը գնում է երկրի վարչապետի մասին», - ասաց Մանվել Բադալյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-ի կառավարության նիստում մի շարք նախարարությունների, այդ թվում` գյուղնախարարությանը, քննադատել էր պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար, եւ գյուղնախարարին հանձնարարել էր` «լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»: Արդեն նոյեմբերի 19-ին Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով` մեկ շաբաթ տևած ծառայողական քննությունից հետո տվել էր իր համաձայնությունը` տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատելու հարցում:

Գյուլզադյանին մեղադրում են թունաքիմիկատներ վաճառող խանութներում ստուգումներ անցկացնելու ժամանակ իր պարտականությունները պատշաճ չկատարելու, առկա թերությունները չարձանագրելու ու խանութները չտուգանելու մեջ:

Գյուլզադյանը, ով մինչեւ դեկտեմբերի 3-ը արձակուրդում է լինելու, անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ գյուղնախարարը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ձգտել է հեռացնել իրեն աշխատանքից: Նա մեղադրել էր Գերասիմ Ալավերդյանին նախարարությունում տեղ գտած չարաշահումների բացահայտմանը խոչընդոտելու մեջ:

«Վարչապետի ձեւակերպումը ընդամենը նշանակում է ընթացակարգ սկսել քաղաքացիական ծառայողին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, եթե պաշտոնանկության հիմք կա, պաշտոնանկության գործընթացը սկսելու: Բնականաբար, վարչապետը օրենքով իրավունք չունի եւ նա չի կարող ասել եւ իրեն թույլ տալ, որ ազատեն աշխատանքից», - հայտարարեց Բադալյանը, սակայն քիչ անց ավելացրեց, որ վարչապետի կարծիքը, բնականաբար, ազդել է այդ որոշման վրա:

Բադալյանի խոսքով` Բնապահպանության, Առողջապահության եւ Կրթության եւ գիտության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների վերջին շրջանում աշխատանքից ազատումը համապատասխանել է օրենքի պահանջներին: Աշխատակազմերի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, որը օրենքով սահմանված է 4 տարի, ավարտվել էր եւ այն ուղղակի չի երկարաձգվել:

«Պաշտոնի նշանակման իրավասությամբ օժտված է կառավարությունը եւ վարչապետը, եւ նրանք իրենց օրենքով ընձեռնված իրավունքից կարող են օգտվել: Բնապահպանության, Առողջապահության եւ Կրթության եւ գիտության նախարարության դեպքում աշխատակազմի ղեկավարների պաշտոնավարման ժամկետները չեն երկարաձվել: Ինչո՞ւ չեն երկարաձվել, որովհետեւ օրենքով նրա երկարաձգողը իրավունք ունի երկարաձգել, կամ չերկարաձգել, եւ ինքն է որոշողը», - ասաց Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG