Մատչելիության հղումներ

Պատգամավորներն ու բնապահպանները քանդեցին «Վիշապների կոթողներ» այգու ցանկապատը


«Վիշապների կոթողներ» այգու ցանկապատը քանդեցին
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ու մի շարք բնապահպաններ չորեքշաբթի օրը քանդել են Երեւանի Նոր-Նորք շրջանի 2-րդ զանգվածի «Վիշապի կոթողներ» կոչվող այգում շինաշխատանքների իրականացման նպատակով կանգնեցված ցանկապատը, մուտք են գործել շինհրապարակ ու ծածկել փորված փոսերը:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Նոր-Նորքի 2-րդ զանգվածի բնակիչներն ու «Ժառանգության» պատգամավորները ահազանգում են, որ քաղաքացի Ռուբեն Կարախանյանը կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով ծառեր է հատում «Վիշապի կոթողներ» կոչվող 1800 քառակուսի մետր մակերեսով այգու տարածքում:

Նոյեմբերի 18-ին բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե Երեւան քաղաքի բնապահպանության տարածքային վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վիշապի կոթողներ» այգում կառուցապատման համար չեն ներկայացվել շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության անհրաժեշտ արդյունքները: Ուստի դեռ այն ժամանակ հրահանգ էր իջեցվել դադարեցնել կառուցապատումը:

Հարցը բարձրացվել է Ազգային ժողովում, «Ժառանգության» պատգամավորները դիմել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Սեփականատերը, սակայն, մինչեւ չորեքշաբթի օրը չէր դադարեցրել ծառահատման եւ շինարարական աշխատանքները:

«Վիշապի կոթողներ» այգու սեփականաշնորհումը տեղի է ունեցել ապօրինի, ապօրինի են եղել նաեւ այնտեղ ընթացած շինարարական աշխատանքները», - «Վիշապի կոթողներ» այգում չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Քանդեցինք այդ ցանկապատը, փորձեցինք հողը հետ լցնել, բայց, իհարկե, մեխանիկական տեխնիկա էր անհրաժեշտ, մեզ հնարավորություն չընձեռվեց դա ավարտին հասցնել, բայց այդ շինարարական կազմակերպությունը, որը նախաձեռնել էր այդ ապօրինի գործողությունները, եւ տարածքը ով որ փորձում է գրավել-զավթել, պարտավոր են տարածքը բերել այն վիճակի, որը եղել է նախկինում», - հայտարարեց Փոստանջյանը` հավելելով. - «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածում սահմանված է, որ կանաչ տարածքները, այդ տիպի պուրակները, այգիները օտարման ենթակա չեն»:

«Ժառանգության» պատգամավորը շարունակեց, թե հետեւելու են, որպեսզի հանրային լսումներ անցկացվեն այգում շինարարական աշխատանքներ կատարելու հարցով եւ համայնքի բնակիչները իրենց մասնակցությամբ արտահայտեն իրենց դիրքորոշումը. - «Իսկ հաջորդ գործողությունը, ես կարծում եմ, քանի որ կա արդեն այդ տարածքի վերաբերյալ սեփականության իրավունքի գրանցման վկայական, նաեւ այդ փաստաթղթերը պետք է վիճարկել դատական կարգով»:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրի առնչությամբ նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով միջամտել` պատժելու կաշառված չինովնիկներին, կազմակերպելու հասարակական լսումներ, իսկ մինչ այդ անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու եւ շինարարական տեխնիկան հանելու ուղղությամբ:

Չորեքշաբթի օրը «Վիշապի կոթողներ» այգի էր ժամանել նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով նշեց, որ շինարարների հետ պայմանավորվել են վերականգնել այգու նախկին վիճակը:

«Պայմանավորվել ենք շինարարի հետ` այդ գործողությունները ինքը կկատարի: Դուք էլ պատրաստ եղեք, որպեսզի նախագիծը ներկայացնեն, հանրային քննարկում լինի, բնակիչները գան, քննարկեն, եւ մնացած խնդիրների պատասխանը տան», - բնակիչներին ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG