Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 25-ի մամուլ


«168 ժամ»-ին հարցազրույց է տվել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Լրագրողը հարցնում է. - «Ըստ Ձեզ` ի՞նչ կարող է զոհաբերել Երեւանը` Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթացի հասնելու համար, եւ համապատասխանաբար, ի՞նչ զիջումների կարող է գնալ Բաքուն»: Պատասխան. - «Ես չեմ հավատում, թե հայկական կողմը` Ստեփանակերտը, Երեւանը, կարող է զիջել Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Այսինքն` դա կարող է իրականություն դառնալ միայն պատերազմական գործողությունների արդյունքում Հայաստանի կապիտուլյացիայի դեպքում: Խոսքը ոչ թե Ստեփանակերտի, այլ Երեւանի կապիտուլյացիայի մասին է: Պարզ է, որ սա բացարձակապես անհնարին եւ ոչ կառուցողական լուծում է: Սրանով հանդերձ` կարելի է հասկանալ, որ Ղարաբաղի` անկախության հասնելու ճանապարհի փուլերը կարող են տարբեր կերպ գծագրվել: Հասկանալի է նաեւ, որ եթե փաթեթային համաձայնություն ձեռք բերվի, Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի այն շրջանները, որոնք այսօր զբաղեցված են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից: Դրանով հանդերձ, Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ճակատագիրը պետք է առանձին լուծում ստանա: Ինչպես հայտնի է, հայկական կողմին տարբեր խորհուրդներ են տալիս, իբրեւ բարի կամքի դրսեւորում մեկ կամ երկու շրջան հանձնել Ադրբեջանին: Սկզբունքորեն, ավելի հանգիստ մթնոլորտում այս սցենարը, դրա տարբերակները կարելի էր եւ քննարկել: Սակայն չեմ կարծում, թե ներկա պահին նման տարբերակ ենթադրելը, իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը քննարկելը կառուցողական է»:

«Հաղթած կրիմինալի եւ պարտված հասարակության միջեւ» վերնագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ Հայաստանը վերջնականապես դարձել է կրիմինալ երկիր ու հավելում. - «Կրիմինալն ամենուրեք է եւ տոնում է իր լիակատար հաղթանակը: Չկա մի ոլորտ, որտեղ կրիմինալը ներկայացված չլինի ամենաբարձր մակարդակով: Արտաքին աշխարհը լավ էլ գիտի, որ Հայաստանում հասարակությունը պարտվել է, եւ հաղթողը կրիմինալն է: Բայց դա, մեծ հաշվով, նրանց խնդիրը չէ. նրանք շատ լավ լեզու կգտնեն նաեւ կրիմինալի հետ: Դա մե'ր հասարակության խնդիրն է: Եվ այդ խնդրի լուծումն առայժմ չի երեւում»:

Արձագանքելով ահագնացող արտագաղթի նոր ալիքի մասին մամուլում շրջանառվող հրապարակումներին` Հայաստանի միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Արտառոց ծավալների հասնող արտագաղթի վերաբերյալ մեր գերատեսչությունը տվյալներ չունի, թեպետ հստակ տիրապետում ենք ե՜ւ օդային, ե՜ւ ցամաքային ճանապարհով ուղեւորահոսքերին: Իսկ արտագաղթ կամ տարբեր դրդապատճառներով մարդու մշտական բնակության վայրի տեղափոխություն չի կարող ընդհանրապես չլինել։ Մարդիկ ԱՄՆ-ից Ավստրալիա են արտագաղթում, միայն թե այս դեպքում ոչ թե «արտագաղթ» բառն են գործածում, այլ «տեղաշարժը»։ Իսկ Հայաստանում «արտագաղթ» ասելով՝ դրա պատճառահետեւանքային ողջ սպեկտրն են ուզում ներկայացնել ուղեկցող բացասական գործոններով՝ ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական եւ այլն: Բայց ցավալին այն է, որ արտագաղթի ահագնացող տոկոսներ ներկայացնելով՝ որոշ ուժեր ուղղակի փորձում են խնդրին քաղաքական ենթատեքստ տալ, մանավանդ խոցելի թեմա է` միշտ էլ կարելի է շահարկել եւ հասարակության շրջանում լարվածություն ստեղծել: Ընդ որում, վատն այն է, որ լրատվամիջոցները այս հարցում հաճախ ավելորդ աժիոտաժ առաջացնողի դերում են լինում: Իսկ տագնապի մթնոլորտը, աժիոտաժը հենց լրացուցիչ ազդակ կարող է լինել արտագաղթի, երկրից հեռանալու համար»:

«Հրապարակ»-ին հարցազրույց է տվել ՀՀԿ-ի անդամ Հակոբ Հակոբյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Ճոյտ» մականունով: Լրագրողը հարցնում է. - «Փաստորեն Ձեր թեկնածությունը դնելու եք մի ընտրատարածքում, որտեղ լինելու են գեներալ Մանվելը, նրա որդին, նրա կինը, Հրանտ գրիգորյանը եւ այլն: Ինչպե՞ս եք պատկերացնում հաղթանակը նման մրցակցության պարագայում»: Հակոբյանը պատասխանում է. - «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կլինի իմ հակառակորդը քաղաքական, բայց ես ողջունում եմ, որ լինեն այնքան շատ, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրել նրանց միջից ում կցանկանա: Անձերի հետ կապված տարբերություն չկա, թե ում հետ ես գնում, ովքեր կլինեն: Իմ կարծիքով` դա ժողովուրդն ա որոշելու»: Հարց. - «Իսկ ինչո՞ւ եք ուզում նորից պատգամավոր դառնալ: օրենսդիր աշխատանքին կարոտե՞լ եք»: Պատասխան. - «Ես ակտիվ քաղաքական գործիչ եմ, դեռ 95 թվականից եղել եմ քաղաքականության մեջ եւ 8 տարի էլ աշխատել եմ որպես ԱԺ պատգամավոր, ինձ շատ հոգեհարազատ է այդ աշխատանքը եւ ցանկանում եմ աշխատել, որովհետեւ ես հրապարակային գործիչ եմ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG