Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Հունգարիայի պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Հունգարիայի պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը:

Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջեւ համագործակցության զարգացման շուրջ:

Պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում եւ Ժրինյի Միկլոշի անվան ազգային պաշտպանական ակադեմիայում, կհանդիպի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաեւ հայ եւ հունգարացի զինվորների հուշարձանին:

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա նոյեմբերի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG