Մատչելիության հղումներ

Թուրքիայում չեն բացառում ընդդիմադիր կուսակցության դաշինքը քրդական քաղաքական ուժերի հետ


Քեմալ Քիլիչդարօղլուն ելույթ է ունենում իր ղեկավարած Ժողովրդա-հանրապետական կուսակցության համագումարում, Անկարա, 22-ը մայիսի, 2010թ.
Քեմալ Քիլիչդարօղլուն ելույթ է ունենում իր ղեկավարած Ժողովրդա-հանրապետական կուսակցության համագումարում, Անկարա, 22-ը մայիսի, 2010թ.
Թուրքիայում չեն բացառում, որ գալիք ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը` Ժողովրդա-հանրապետականը կարող է մասնակցել քրդական քաղաքական ուժերի հետ մեկ միասնական դաշինք կազմած:

Վերջին մի քանի ամիսներին նման կանխատեսումներ թուրքական մամուլում բավական հաճախ էին հնչում, սակայն ընդդիմության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի` երկրի քրդաբնակ շրջաններ կատարած այցից հետո այս խոսակցություններն ավելի ակտիվացան:

Երկրի ոչ պաշտոնական քրդական կենտրոն համարվող Դիարբերքիրում Քիլիչդարօղլուն հանդիպել է Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության ղեկավարների հետ:

«Առաջին անգամ թուրքական քաղաքական դաշտի առանցքային ներկայացուցիչներից մեկը բանակցությունների մեջ մտավ մի ուժի հետ, որին շատերը մեղադրում են Քրդական բանվորական կուսակցության քաղաքական թեւը լինելու մեջ», - նշում են Թուրքիայում:

Դիարբերքիրում Քիլիչդարօղլուն նաեւ խստորեն քննադատել է իր նախորդի` Դենիզ Բայքալի մոտեցումները քրդական խնդրում, որոնք գրեթե նույնությամբ կրկնում էին թուրք ազգայնականների տեսակետը:

Դիարբերքիում Քիլիչդարօղլուի հնչեցրած հայտարություններից հետո նրան առաջինը քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին:

«Ժողովրդա-հանրապետականը Աթաթուրքի կուսակցությունն է, այն կանգնած է եղել թուրքական հանրապետության ձեւավորման ակունքներում, այդ իսկ պատճառով կուսակցությունը չպետք է ամեն միջոց օգտագործի ընտրություններում հաղթանակի հասնելու համար: Կոչ եմ անում իմ գործընկերներին դեմքով շրջվել դեպի իրենց դավանած ավանդական արժեքները», - հայտարարել է Բահչելին:

Թուրքական պարբերականներից Star-ը գրում է. - «Այն, որ ընդդիմության ղեկավարը ողջունում է երկրի հարավ-արեւելքում ապրող քրդերին, նշանակում է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը վերջապես դադարում է անտեսել այս տարածաշրջանի խնդիրները: Բայցեւայնպես, կուսակցության ղեկավարը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի` քրդական խնդրին լիովին, խորությամբ տիրապետելու համար»:

Քեմալ Քիլիչդարօլուն առայժմ հերքում է նախընտրական դաշինքի ձեւավորման մասին լուրերը` նշելով, թե իր ղեկավարած կուսակցությունն ուզում է յուրատեսակ երրորդ ուժ դառնալ երկրի քրդաբնական շրջանների համար:

Թուրք սոցիոլոգները, սակայն, նկատում են, որ առաջիկա ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ի վիճակի է ստանալ քվեների առնվազն 32 տոկոսը: Ազգությամբ քուրդ թեկնածուները ընտրություններում, որպես կանոն, հավաքում են քվեների 6-8 տոկոսը: Ավանդական ընդդիմության եւ քրդերի միջեւ նախընտրական դաշինքի ձեւավորման դեպքում չի բացառվում, որ իշխող իսլամիստները հայտնվեն իշխանության կորստի իրական վտանգի կամ գոնե կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG