Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը պետական այց կկատարի Շվեյցարիա


Աբդուլա Գյուլ
Աբդուլա Գյուլ
Շվեյցարիայի նախագահի հրավերով այս շաբաթվա վերջին Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլը կմեկնի Բեռն, հաղորդում են տեղական լրատվամիջոցները` ընդգծելով, որ այցը շատ կարեւոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Սա Թուրքիայի նախագահի` պատմության մեջ առաջին պետական այցն է Շվեյցարիա», - տեղեկացնում է Turkiye-ն եւ ընդգծում` ամեն տարի կոնֆեդերացիան պետական մակարդակով ընդամենը երկու երկրի նախագահի է հյուրընկալում։ «Այդ առումով Գյուլի այցը առանցքային է, քանի որ որոշումը, թե ում կհրավիրենք, ռազմավարական նշանակություն ունի մեզ համար», - թերթին ասել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյութարդը։

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ այժմ երկու երկրների հարաբերությունները գերազանց վիճակում են, թեեւ մի քանի տարի առաջ` 2003 թվականին, դրանք բավական լարվել էին` խորհրդարանի ստորին պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո։ «Ի պատասխան, պաշտոնական Անկարան չեղյալ էր հայտարարել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Քալմի-Ռեյի` նախապես ծրագրված այցը Թուրքիա», - հիշեցնում է Swissinfo գործակալությունը` ընդգծելով, որ այցը, այդուամենայնիվ, կայացել է 2005 թվականին, եւ դրանից ի վեր երկու երկրների հարաբերությունները բարելավվել են:

Այժմ Շվեյցարիան միջազգային մի շարք ուժերի աջակցությամբ միջնորդական ջանքեր է գործադրում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Անդրադառնալով այդ խնդրին` Շվեյցարիայի նախագահը մի քանի շաբաթ առաջ թուրքական Star թերթի հետ զրույցում նշել էր` Ցյուրիխում շուրջ մեկ տարի առաջ ստորագրված արձանագրությունները մնում են սեղանին, եւ այժմ կողմերի միջեւ շարունակվում է լուռ դիվանագիտության փուլը։

«Ժամանակ է անհրաժեշտ` առաջընթաց արձանագրելու համար, սակայն հուսով եմ, որ այն տեղի կունենա», - ասել էր տիկին Լյութարդը եւ ընդգծել. - «Երբեմն գործընթացի արագությունը չէ կարեւոր, այլ` որակը: Փոխըմբռնման եւ որակի հարցում Հայաստանը եւ Թուրքիան նույն տեսակետին են»։

«Հայ եւ թուրք ժողովուրդները ոչ միայն ցանկանում են բացահայտել պատմության ընթացքում կատարված դեպքերը, այլեւ ուզում են ապագայում ապրել խաղաղ միջավայրում։ Եվ հենց այստեղ է, որ Շվեյցարիան կարող է ներդրում ունենալ», - ասել էր երկրի նախագահն ու վստահեցրել, որ պաշտոնական Բեռնը պատրաստ է շարունակել այս ուղղությամբ միջնորդական ջանքերը Անկարայի եւ Երեւանի հետ։

«Մենք գործընթացը հեշտացնողներն ենք, փորձում ենք ինչ-որ լուծում գտնել բանակցությունների շարունակման համար», - ասել էր Դորիս Լյութարդը` հավելելով. - «Երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն` կարգավորման գործընթացի համար, այդ իսկ պատճառով հույս եմ տածում, որ երկու երկրներն էլ շարունակելու են կարգավորման գործընթացը: Երբեմն անձայն դիվանագիտություն տանելն առավել օգտակար է լինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG