Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը բավարարել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը


Նոյեմբերի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը բավարարել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը եւ Քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

«Վիճարկվող նորմից բխում էր, որ եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողությունը», - ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Դա, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով` դատարանի որոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG