Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը` Թուրքիայի հաղթանա՞կ


Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի դրոշները
Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի դրոշները
Պորտուգալիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի գումարած գագաթնաժողովը հավանություն է տվել Թուրքիայում եւ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ծրագրին, սակայն շնորհիվ Թուրքիայի գործադրած ջանքերի` որեւէ երկիր չի նշվել որպես այդ համակարգի հավանական թիրախ։

Անցյալ տարվա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հակահրթիռային նոր համակարգ ստեղծելու գաղափարն արդարացրել է Իրանի միջուկային ծրագրից բխող վտանգը վնասազերծելու անհրաժեշտությամբ։ Մինչդեռ լիսաբոնյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը փաստում է, որ «դաշինքը որեւէ պետություն չի դիտում որպես հակառակորդ»։

Welt Am Sonntag գերմանական հանդեսին անցած շաբաթ տված հարցազրույցում Ռասմուսենն ասել է, թե շուրջ 30 երկիր ունի Եվրոպայի տարածք հասնող հրթիռներ։ «Չարժե անուն առ անուն նշել բոլոր պետությունները», - նկատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սա, Media Line տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աշխատակից Դեյվիդ Ռոզենբերգի կարծիքով, թուրքական դիվանագիտության նվաճումն է։

Ֆրանսիան եւ Դաշինքի որոշ այլ անդամներ դեմ են եղել այդ չեզոք բանաձեւին, սակայն գագաթնաժողովում ի վերջո որոշվել է փոխզիջումային տարբերակ ընտրել։

Այդ իրողությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան աստիճանաբար հեռանում է Արեւմուտքից եւ ավելի ջերմ կապեր է հաստատում Մերձավոր Արեւելքում իր հարեւանների, այդ թվում` Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված Սիրիայի եւ Իրանի հետ։

«Թուրքիայի եւ Արեւմուտքում թուրքերի ավանդական դաշնակիցների միջեւ անվստահությունը հետզհետե ավելի ակնհայտ է դառնում։ Կողմերը պետք է ամեն ինչ անեն այն հաղթահարելու համար», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի եւ Կիպրոսի ծրագրի տնօրեն Հյու Փոուփը։

Հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդրում հստակություն դեռ չկա։ ՆԱՏՕ-ն հաջորդ տարվա հունիսին է որոշելու, թե որտեղ է տեղադրելու համակարգի հրթիռներն ու հրամանատարական կենտրոնը։

Թուրքիան պնդում է, թե դրա առավել հարմար վայրը Իզմիրի կենտրոնակայանն է, մինչդեռ ամերիկացիները պաշտպանում են Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ռազմակայանի տարբերակը։

Թուրքերը նաեւ պնդում էին, որ եթե հրամանատարության համար ընտրվի իրենց տարածքը, ապա կենտրոնն էլ պետք է ենթարկվի Անկարային։

«Խնդիրն այն է, թե ով է լինելու հրամանատարը։ Եթե կենտրոնը լինելու է մեր տարածքում, ապա հասկանալի է, որ հրամանատարությունը մենք պետք է ստանձնենք, այլ լուծում ընդունելի չէ», - մեկ շաբաթ առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Սակայն, Hurriyet-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը նա նկատել է տվել, որ հրաժարվել է այդ նախապայմանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG