Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը այս տարի եւս մշակութային օրենքներ չընդունեց


Ազգային ժողովը այս տարի եւս մշակույթի ոլորտին առնչվող հիմնական օրենքները չընդունեց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, մնացել է ընդամենը մեկ քառօրյա եւ հարցերն այնքան շատ են, որ այդ օրենքները մինչեւ տարեվերջ չեն էլ քննարկվի:

Տարիներ շարունակ բազմաթիվ հայ արվեստագետներ, մշակույթի գործիչներ դժգոհում են, որ խորհրդարանը ամենաքիչը մշակութային օրինագծերին է անդրադառնում եւ հենց այդ պատճառով էլ չկա ոչ մշակույթի մասին մայր օրենք, ոչ էլ կինոյի, թատրոնի, գրադարանների եւ այլ օրենքներ, որոնց շնորհիվ կկարգավորվեին մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտների գործունեությունն ու զարգացման հեռանկարները:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը բազմիցս շեշտել է, որ գրադարանների մասին օրենքը շրջանառության մեջ դրվել է դեռ 1995 թվականին, բայց այն մինչ օրս չի ընդունվել: Նույնը կատարվել է թատրոնի ու կինոյի պարագայում:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ասում է, որ արվեստագետները, մշակույթի օջախները, մասնավորապես թատրոնները առանց օրենքի էլ կարող են գործել ու ստեղծագործել, բայց կան խնդիրներ, որոնք միայն օրենքով կարելի է կարգավորել: Նա մատնանշում է գեղարվեստական ղեկավարի խնդիրը եւ շեշտում, որ թատրոնի մասին օրենքի նախագիծը դեռ 3 տարի առաջ է քննարկվել:

«Այդ նախագծում ֆիքսվում էր գեղարվեստական ղեկավարի դերը, կարգավիճակը թատրոնում, այսինքն ոչ մի պարագայում թատրոնը առանց գեղարվեստական ղեկավար չէր լինելու եւ, իհարկե, ես դա համարում եմ օրենքի կարեւորագույն պահը: Մնացածը ինձ թվաց բառերի կույտ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ղազանչյանը:

Մինչդեռ, ըստ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի` գրադարաների մասին օրենքը շատ կարեւոր է, քանի որ օրենքով պաշտպանված չլինելու դեպքում դրանք ենթակա են փակման:

«Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն պետական հովանավորության տակ գտնվող գրադարաններին, այլեւ բոլոր տեսակի` համայնքային, տեղական, քաղաքային գրադարաններին: Այդ գրադարանները մենք կորցնում ենք, 300-ից ավելի գրադարան է փակվել», - ցավով արձանագրում է Սարգսյանը:

Արտակ Դավթյանը ասում է, որ գրադարանների մասին օրենքը լրամշակման փուլում է, լրամշակումից հետո այն կներկայացվի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական հանձնաժողովին եւ եթե դրական եզրակացության արժանանա, կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում:

Այդ օրակարգում այս օրենքի նախագիծը արդեն 15 տարի չի ընդգրկվում:

Դավթյանն ասում է, որ մշակութային ոլորտին վերաբերող օրենքները շատ դժվարությամբ են ծնվում. - «Եվ սա բնական է, որովհետեւ մշակույթը մեզ մոտ ձեւավորվել է դարերի, հազարամյակների ընթացքում եւ իր մեջ բավականին լուրջ պահպանողականություն է կրում: Այստեղ, ըստ էության, ամենակարեւոր հարցը չվնասելն է»:

Այլ կարծիքի են Հակոբ Ղազանչյանը եւ Դավիթ Սարգսյանը: Ըստ Ղազանչյանի` օրենքը պարտավորություններ կդնի պետության առաջ եւ պետությունը «հետագայում մեկ էլ տեսար փոշմանեց, որ վերցրել է այդ պարտավորությունները»:

Իսկ Սարգսյանն ասաց. - «Պետք է հոգեւոր արժեքներին հարազատ լինել, որպեսզի մշակութային օրենքներ ընդունել: Եթե մարդիկ գիտենք, որ տառաճանաչ էլ չեն, անգրագետ են, տառասխալով են գրում, այդ մարդիկ ոնց կարող են օրենք ընդունել մշակույթի մասին, հոգեւոր արժեքների պահպանության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG