Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսը մերժել է Ընտրական օրենսգրքում իշխանությունների ներկայացրած առաջարկությունների շուրջ երկուշաբթի օրը Ազգային ժողովում կազմակերպված քննարկումներին մասնակցելու հրավերը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այդ առնչությամբ ասաց. - «Իշխանությունները Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ են բերել քննարկման եւ առաջարկում են, որ քաղաքական եւ հասարակական ուժերը մասնակցեն այդ քննարկմանը: Մեզ համար հասկանալի է` դա ինչի համար է արվում. իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, որ իբր բոլոր այս կեղծիքները, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրություններին, քաղաքի ավագանու ընտրություններին եւ Ազգային ժողովի ընտրություններին, հետեւանք են օրենսդրության անկատարության, եւ կարծես փորձում են ներքաշել այդ խաղի մեջ նաեւ այլ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցներին: Մենք դրա հետ կտրականապես համաձայն չենք, մենք կարծում ենք, որ նորմալ ընտրություններ կարելի էր անցկացնել նաեւ գործող օրենքով` Ընտրական օրենսգրքի շրջանակներում, մենք վստահ ենք, որ խնդիրը` կեղծիքների հետ կապված խնդիրը բացարձակապես որեւէ կապ չունի Ընտրական օրենսգրքի անկատարության հետ»:

«Երկրորդը, մենք բազմիցս հայտարարել ենք, որ որեւէ քննարկման կամ երկխոսության մեջ այս իշխանությունների հետ կմտնենք միայն այն բանից հետո, երբ ազատվեն բոլոր քաղբանտարկյալները եւ առաջընթաց լինի մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործում», - հավելեց ընդդիմադիր շարժման համակարգողը:

«Ուստի մենք մերժել ենք հրավերը, դրա փոխարեն ես ուղարկելու եմ նամակ, որտեղ այդ մերժման բացատրությունները կտրվեն, եւ իմ ելույթի փոխարեն ես խնդրելու եմ, որ կարդացվի այդ նամակը», - փոխանցեց Զուրաբյանը:

Նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը, նպատակահարմար չհամարելով ներքաշվել Ընտրական օրենսգրքի քննարկումների մեջ, այդուհանդերձ, ունի օրենսգրքի բարելավման իր առաջարկությունները, որոնք թվով 7-ն են եւ որոնք Կոնգրեսը ուղարկել է Եվրոպայի խորհուրդ, ինչպես նաեւ ներկայացրել հանրությանը:

«Առաջարկներից մեկը օրինակ, այն է, որ բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրամասի տեղերում տեղադրվեն տեսախցիկներ, որոնք ամբողջ ընտրական պրոցեսը նկարահանեն: Երկրորդ առաջարկը այն է, որ մատչելի դառնան տեղամասային մատյանները, քանի որ հիմնական կեղծիքները արվում են այդ մատյաններում: Երրորդը` ավելի լուրջ քաղաքացիական վերահսկողության տակ վերցվի զինվորականների քվեարկության գործընթացը, եւ այլն», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG