Մատչելիության հղումներ

Ոստիկանները «էմո» լինելու կասկածանքով 9 երիտասարդների են բերման ենթարկել


Նոյեմբերի 18-ին Երեւանի Մանկական երկաթուղու թունելների մոտից բերման են ենթարկվել զբոսնող 7 երիտասարդ աղջիկներ եւ 2 տղա` ոչ ֆորմալ «էմո» շարժմանն առնչություն ունենալու կասկածանքով եւ 3 ժամից ավելի պահել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:

Ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին նրանցից երեքը պատմեցին, որ բերման ենթարկվելիս իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել: Նախ վիճաբանություն է ծագել Մանկական երկաթուղու 2 հսկիչների հետ, ովքեր նկատելով երիտասարդների ձեռքում գանգ եւ խաչված սրերի տեսքով հուշանվերը, պահանջել են լքել այգին: Երիտասարդներից տարիքով ամենամեծը` 30-ամյա արվեստագետ, երաժիշտ Ծոմակը փորձել է բանակցել հսկիչների հետ, բայց ապարդյուն:

«Նրանք մեզ չհավատացին` վերագրելով, որ մենք էմոներ ենք, սատանիստներ ենք, որովհետեւ ես փիրսինգ ունեմ, մի քիչ ավելի ոչ ֆորմալ տեսք ունենք», -ասաց Ծոմակը:

Խումբը որոշել է հետ դառնալ առանց այգի մուտք գործելու: Հետդարձի ճանապարհին ոստիկանական երկու մեքենաներ են եկել: Ոստիկանության աշխատակիցները ուժ են կիրառել, եւ նրանց տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

17-ամյա Իզաբելան պատմեց, որ բերման ենթարկելու ճանապարհին իր մազերն են քաշքշել, հեռախոսը նետել:

«Էմո» բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Իրենց էմո են կոչում 12-18 տարեկան պատանիները, ովքեր կրում են սեւ ու վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սեւ են ներկում եւ լսում են առավելապես ռոքի էմո տեսակի երաժշտություն: Հոգեբանների դիտարկմամբ` էմոներն այն մարդիկ են, ովքեր ունեն տրամադրության հաճախակի տատանումներ, չափազանց ծայրահեղական են, դրսեւորում են վաղ պատանեկան տարիքին բնորոշ հակասոցիալական եւ հասարակության կողմից ընդունված արժեհամակարգի հակառակ վարքագիծ:

Երիտասարդներն ասում են, որ «ոստիկանությունը հատուկ հրահանգ է ստացել բացահայտել «էմո» շարժման անդամներին, մինչդեռ ակնհայտորեն Հայաստանի ոստիկանությունում չգիտեն, թե ինչ բան է «էմո»-ն, պատկերացում չունեն տարբեր տեսակի ենթամշակույթների, երիտասարդական ոչ ֆորմալ շարժումների մասին, սկսել են հետապնդել բոլոր նրանց, ովքեր արտաքին տեսքով, հագուստով, շպարով ու սանրվածքով տարբերվում են ընդունված նորմերից»:

Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, սա որակում է որպես «ֆաշիզմ, ճնշում երիտասարդության ակտիվ, ըմբոստ եւ ազատամիտ խմբերի վրա»:

Ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` «Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, Կենտրոնի վարչական տարածքում շրջագայելիս, Երեւանի Սարյան փողոցի 22 հասցեի դիմաց գտնվող թունելների մոտ նկատել են մի խումբ երիտասարդների, որոնց վարքագիծը կասկած է հարուցել: Երբ ոստիկանները մոտեցել են խմբին, նրանցից մեկը` Կարինե Ս.-ն, փորձել է թաքցնել պայուսակը: Ոստիկանների հարցին, թե ինչու է փորձում թաքցնել, նա պատասխանել է, որ պայուսակում երկու դաշույն կա: Երիտասարդները հետագա պարզաբանումների նպատակով հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ Կարինե Ս.-ն պայուսակից ներկայացրել է դաշույնները: Այս փաստով նախապատրաստվել են նյութեր: Երիտասարդները համապատասխան պարզաբանումներից հետո բաց են թողնվել: Դաշույններն առգրավված են: Նշանակվել Է դատատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»:

Տեղի ունեցածը, ըստ հաղորդագրության` «ոստիկանության կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառման արդյունք է, իսկ մի շարք լրատվամիջոցների հրապարակումները, թե` ոստիկանությունը լայնամասշտաբ պայքար է սկսել` ինչ-ինչ երիտասարդական ենթամշակույթների դեմ, պարզապես չի համապատասխանում իրականությանը»:

Մինչդեռ բերման ենթարկված աղջիկներից մեկի` Իզաբելայի հայրը` «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը, կատարվածը որակում է բռնություն եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Նրա կարծիքով, եթե անգամ իրավապահ մարմինները որոշել են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, ապա նրանք ընտրել են հակացուցված մեթոդներ:

«Նման երեխաների հետ պետք է աշխատեն լուրջ հոգեբաններ», - կարծում է նա:

Այս միջադեպից հետո սոցիալական ցանցերում եւ բլոգերում հայտնվեցին ոստիկանությանն գործելաոճի դեմ ուղղված` «Ես էլ եմ Էմո» կարգախոսներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG