Մատչելիության հղումներ

Լիսաբոնում բացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


Ուրբաթ օրը մեկնարկող գագաթնաժողովը քննարկելու է ՆԱՏՕ-ի ապագային վերաբերող կարեւոր հարցեր եւ ընդունելու են առաջիկա տասնամյակի ռազմավարական հայեցակարգը։

Այդ փաստաթուղթը, որը նաեւ անվանում են «տեսլականի հռչակագիր», վերահաստատելու է, որ ՆԱՏՕ-ի առանցքային առաքելությունը Դաշինքի անդամ երկրների համատեղ ջանքերով իր տարածքի պաշտպանությունն է։ Միաժամանակ ամրագրված կլինի, որ Դաշինքը կարող է գործողություններ իրականացնել աշխարհի որեւէ տարածաշրջանում, այնպես, ինչպես դա ներկայումս արվում է Աֆղանստանում։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հայեցակարգում նշվելու է, որ 21-րդ դարի մարտահրավերներին հակազդելու համար ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է արդիականացնեն իրենց զինված ուժերը։ Վտանգների թվում են ընդհանուր եւ ինտերնետային անվտանգությանը սպառնացող գործոնները եւ հրթիռային հարձակումները։

Հայեցակարգը կոչ է անելու համագործակցել Դաշինքի անդամ չհանդիսացող ռազմավարական գործընկեր պետությունների` Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Ավստրալիայի հետ։

Գագաթնաժողովի մասնակիցները պետք է հավանություն տան հրթիռային պաշտպանության ներկայիս կարողությունները Եվրոպայում Միացյալ Նահանգների տեղադրելիք ռադարների եւ հակահրթիռային կայանքների հետ մեկ համակարգում միավորելու ծրագրին, որի համար առաջիկա տասը տարում կհատկացվի 200 միլիարդ եվրո (275.5 միլիարդ դոլար)։ ՆԱՏՕ-ն մտադիր է հրթիռային պաշտպանության հարցում համագործակցել Ռուսաստանի հետ։

«Սառը պատերազմի» տարիներին ՆԱՏՕ-ի հիմնական հակառակորդ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ընդունել է Լիսաբոնի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Գագաթնաժողովում քննարկվելու է զինված ուժերի ֆինանսավորումը։ Ներկայիս ճգնաժամի պայմաններում ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները մտադիր են միլիարդավոր եվրոների կրճատումներ անել։ Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է, որ էական կրճատումները վնաս կհասցնեն դաշինքին։

Ռազմավարական հայեցակարգով ՆԱՏՕ-ն աջակցություն կհայտնի աշխարհում միջուկային սպառազինություններն ամբողջությամբ վերացնելու Բարաք Օբամայի գաղափարին, որը ներկայացնելիս ԱՄՆ-ի նախագահը ժամանակին հատուկ վերապահում էր արել, ասելով, թե քանի դեռ գոյություն կունենա միջուկային զենքը` ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG