Մատչելիության հղումներ

Խմբագիրները պահանջում են ազատ արձակել Փաշինյանին


Հինգշաբթի օրը մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսին «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ անընդունելի է բանտում պահել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

«Եթե մարդուն ձերբակալում են եւ բանտում նաեւ հետապնդում են իր ասածների եւ գրածների համար, դա անընդունելի է: Իշխանությունները որեւէ ձեւով դատարանում չկարողացան ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է ինչ-որ գործողություններ, որոնք հակասում են մեր օրենսգրքին», - ասաց Աբրահամյանը 2008 թվականի հետընտրական իրադարձությունների արդյունքում բանտում հայտնված ընդդիմադիր խմբագրի մասին:

Նոյեմբերի 11-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Փաշինյանը հայտարարել էր, որ գիշերը քնած ժամանակ իր վրա են հարձակվել դիմակավորված երկու անձինք: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, սակայն, հերքել էր այս հայտարարությունը:

Այսօրվա ասուլիսին մասնակցող մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներից միայն մեկն էր հեռուստաընկերություն ներկայացնում` եթերազրկված «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, ով ասաց հետեւյալը. - «Նույն ձեւով ինչպես հիմա Նիկոլն է գտնվում բերդում, վաղը կարող ենք մենք այնտեղ հայտնվել, եւ ինչ՞ի համար` միայն մի բանի համար, որ ուզում ենք, որ մեր երկիրը շիտակ ճանապարհով գնա»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ տարբերություն չի տեսնում` ինքն է նստած բանտում, թե Նիկոլ Փաշինյանը:

«Armenia today»-ի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը Փաշինյանի ազատ արձակելու անհրաժեշտությունն ընդգծեց նրա նկատմամբ բանտում կիրառվող հետապնդումների վկայակոչմամբ:

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ ասաց, որ ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունը սխալ հաշվարկներ է արել` անգամ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություններ գործադրելու պարագայում:

«Իշխանությունները Նիկոլին չէին ճանաչում, դրա համար էլ որոշել էին այդ ձեւով լռեցնեին: Ամեն ինչ հաշվարկել էին, բացի նրանից, որ Նիկոլին հնարավոր չէ լռեցնել, եւ նրանք փորձում են այլ մեթոդներով դա անել: Բռնության փաստերը մի բան են ցույց տալիս, որ իշխանությունները շատ թույլ են, որովհետեւ եթե ուժեղ իշխանություն լիներ, նման քայլի իսկապես չէր կարող գնալ», - ասաց Բաղդասարյանը:

Խմբագիրները նախատեսում են շարունակել Փաշինյանի ազատ արձակելուն նվիրված բողոքի ակցիաները:
XS
SM
MD
LG