Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը Ղարաբաղյան կարգավորման գործում լուրջ առաջընթացի պայմաններ չի տեսնում


Մասիս Մայիլյան, արխիվային լուսանկար
Մասիս Մայիլյան, արխիվային լուսանկար
Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը չի կարծում, որ այսօր կան պայմաններ Ղարաբաղյան կարգավորման գործում որեւէ լուրջ առաջընթաց արձանագրելու համար:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գնահատելով Մեդվեդեւի ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հույս է հայտնել, որ այդ ջանքերը կեզրափակվեն շուտով եւ դրական արդյունքով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով այդ հայտարարությունը` Մայիլյանը ասաց. - «Ինձ թվում է, նախագահները հասկանում են, որ Ղարաբաղյան կարգավորումը գործընթաց է, որը ընթանում է, եւ նաեւ Աստրախանում կային հայտարարություններ, նաեւ` Դմիտրի Մեդվեդեւի կողմից, հույս էր հայտնվում, որ մինչեւ Աստանա [դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը] ինչ-որ տեղաշարժեր պետք է լինեն: Բայց, մյուս կողմից էլ, վերապահումներով էր խոսում Ռուսաստանի նախագահը` ինքը նաեւ ասաց, որ աշխատանքի մեծ մասը դեռ առջեւում է, եւ այլն»:

«Այսինքն, գործընթաց է, մարդիկ զբաղվում են դրանով, բայց չեմ կարծում, որ այս պարագայում կան ներքին կամ արտաքին պայմաններ որեւէ լուրջ առաջընթաց արձանագրելու համար», - նշեց Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարարը:

«Ընդամենը մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ հանդիպումն էր նախագահներ Սարգսյանի եւ Մեդվեդեւի միջեւ, Մեդվեդեւն էլ մեկնում է Բաքու: Հանդիպումների այս ակտիվությունը եւ հաճախակիությունը ինչի՞ մասին կարող է վկայել, արդյոք դրան կհաջորդե՞ն ինչ-որ զարգացումներ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան` Մայիլյանը նշեց, որ այդ երեք հանդիպումներից ոչ բոլորը անմիջապես կապ ունեն Ղարաբաղյան կարգավորման հետ:

«Աստրախանյանը` այո, համաձայն եմ, եւ դրա անհրաժեշտությունը կար, պետք էր թուլացնել լարվածությունը, որը ստեղծվել էր Ռուսաստանի երկու ռազմավարական գործընկերների միջեւ: Բայց այս այցը, Մոսկվայում Հայաստանի նախագահի հանդիպումը Մեդվեդեւի հետ ավելի շատ երկկողմ հարաբերությունների հետ է կապված, եւ թվում է, որ Ղարաբաղյան կարգավորումը միայն կետերից մեկն է ընդհանուր շարքի մեջ: Ինչ վերաբերում է Մեդվեդեւի այցին Բաքու` ինչպես գիտեք, դա ուրիշ միջազգային ֆորում է, եւ Մերձկասպյան պետությունների ղեկավարները պետք է այնտեղ հանդիպեն: Իհարկե, առանձին հանդիպում է լինելու Մեդվեդեւի եւ Ալիեւի միջեւ, նույնպես Ղարաբաղյան հարցը շոշափվելու է, բայց ուրիշ, այսպես ասենք` միջազգային ֆորմատի ընթացքում», - ասաց Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG